ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր կարևոր փաթեթ կներկայացնի փետրվարի 23-ին, ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
Քիրբին նշել է, որ պատժամիջոցների նոր փաթեթի մասին կհայտարարվի ուրբաթ օրը։
Պատժամիջոցները գալիս են ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի և ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվանը:
Քիրբին նաև հորդորել է Կոնգրեսի ստորին պալատին՝ Ներկայացուցիչների պալատին, ընդունել վարչակազմի առաջարկած անվտանգության փաթեթը, որը ներառում է օգնություն Ուկրաինային:
Միևնույն ժամանակ, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը
Ինչպես նշվում է Եվրամիության խորհրդի հաղորդագրության մեջ, տեղին է ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ Կրեմլը շարունակում է ուժ կիրառել Ուկրաինայի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքը։
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթն ընդունել է 2022 թվականի փետրվարի 23-ին։ Երբ Մոսկվան ճանաչեց Դոնբասում գործող անջատողական կազմավորումները:
Պատժամիջոցները երկարաձգվեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի չորս շրջանների անեքսիայի մասին։