«Եթե իշխանությունը շարունակի նույն ճանապարհով, ինչպես այժմ, և շարունակի այն, ինչ անում է, ապա Եվրամիության դռները կփակվեն, և վրացի ժողովուրդը կտուժի ու վնասներ կկրի», - հայտարարեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը: Ըստ նրա, խոսքը վերաբերում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ միջոցներին, ներառյալ ԵՄ խաղաղության մեխանիզմի շրջանակներում օգնության դադարեցումը, ինչպես նաև կառավարությանն ուղղակիորեն ուղղվող ֆինանսական աջակցության դադարեցումը։
Բորելի այս հայտարարությանը արձագանքել են Վրաստանում։ Ռոնդելի հիմնադրամի հետազոտող Կախա Գոգոլաշվիլին ենթադրում է, որ եթե մինչ այժմ Վրաստանի կառավարությունը ամեն տարի ԵՄ-ից 180 միլիոն եվրո էր ստանում ֆինանսավորման տեսքով, ապա այժմ մեծ հավանականություն կա, որ այդ գումարը կկրճատվի կիսով չափ, ինչը կխանգարի Վրաստանում բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը և կհանգեցնի տնտեսական խնդիրների։ Նրա խոսքով, ԵՄ կողմից այս հարցերի քննարկումը պայմանավորված է Վրաստանի խորհրդարանի կողմից «ռուսական օրենքի» ընդունմամբ:
«Բորելը հստակ ասաց, որ Վրաստանի ֆինանսական աջակցությունը կկրճատվի, ինչի համար 27 երկրի համաձայնությունը անհրաժեշտ չէր: Որքանով և որ ուղղություններով կկրճատվի ֆինանսավորումը, դա Եվրահանձնաժողովը կհաստատի և կհրապարակի, բայց ես կարծում եմ, որ կրճատումը կլինի 50 տոկոս, և դա կզգան անգամ մարդիկ։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ Վրաստանում իրականացվում էին խոշոր նախագծեր՝ դպրոցների, կամուրջների, ճանապարհների և այլ կարևոր օբյեկտների կառուցում, իսկ այժմ այս գումարի կիսով չափ կրճատումը անմիջական ազդեցություն կունենա գործազրկության վրա և յուրաքանչյուր քաղաքացու եկամտի վրա», - ասում է Գոգոլաշվիլին։
Նրա խոսքով, Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին և անվտանգության ծառայությունում արդեն մշակված է ուղեցույց, ըստ որի՝ ԵՄ-ն դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ և չի ունենա կապեր, եթե դրա անհետաձգելի անհրաժեշտությունը չլինի, համապատասխանաբար՝ ԵՄ-ից Վրաստան այցերը կդադարեն, և այնտեղ նույնպես չեն ընդունի մեր պատվիրակությունը։
Քաղաքագետը ենթադրում է, որ եթե հոկտեմբերի ընտրություններից հետո նույն քաղաքական ուժը կառավարի կամ հաղթի այնպիսի կուսակցություն, որը շարունակելու է շեղվել եվրոպական ուղղությունից, ապա Վրաստանի քաղաքացիների համար Եվրոպական երկրներում առանց վիզայի ռեժիմը նույնպես կդադարեցվի։
Մինչ ԵՄ-ն քննարկում է Վրաստանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելը, Մոլդովան և Ուկրաինան արդեն սկսել են պաշտոնական բանակցությունները ԵՄ-ին միանալու համար։ Ի տարբերություն նրանց, Վրաստանը, որն ունի նաև ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, չի կարողացել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Արտաքին հարաբերությունների մասնագետները կարծում են, որ պատճառը այնպիսի օրենքների ընդունումն է երկրում, որոնք հակասում են եվրոպական արժեքներին։ Քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասում է, որ այն փոխարեն, որ կառավարությունը արագորեն իրականացնի Եվրոհանձնաժողովի կողմից նշված ռեֆորմները, Վրաստանի իշխանությունը «ռուսական օրենքի» ընդունմամբ հետ է մղել երկիրը։
«Մենք շատ արագ պետք է իրականացնեինք այն ռեֆորմները, որոնք նկարագրված էին ինը քայլերում և դա Եվրոհանձնաժողովն արդեն ներկայացրել էր իր զեկույցում, սակայն դրա փոխարեն, մենք ռուսական օրենքի ընդունմամբ լրացուցիչ մեկ մեծ քայլով հետ գնացինք։ Սակայն եվրոպական արժեքներին միայն դա չի հակասում, մինչ այդ էլ եղել են բազմաթիվ դեպքեր։ Ազատ արտահայտման իրավունքի սահմանափակում, ուժի չարաշահում, դատարանի գործունեություն - այս ամենով պարզ դարձավ, որ երկրում ժողովրդավարություն չկա և ամբողջ իշխանությունը մեկ խմբի ձեռքում է», - ասում է Ռոնդելի հիմնադրամի հետազոտող և քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին։
Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների հակազդեցությանը, Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը մայիսի 14-ին, իսկ մայիսի 28-ին Վրաստանի նախագահի վետոն հաղթահարեց: Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների պնդմամբ, այս օրենքի նպատակը օտարերկրյա ֆինանսավորումների թափանցիկությունն ապահովելն է:
Օրենքի համաձայն՝ այն լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպություն»: Հակառակ դեպքում, նրանք կենթարկվեն տուգանքների։
Այս օրենքի ընդունումը բուռն արձագանք է առաջացրել արևմտյան գործընկերների շրջանում։ Օրենքի ընդունման պատճառով ԱՄՆ-ն արդեն սահմանել է պատժամիջոցներ պետական պաշտոնյաների նկատմամբ։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, որի համաձայն, եթե երկրում իրավիճակը չբարելավվի, Եվրոպան նույնպես կարող է պատժամիջոցներ կիրառել՝ դադարեցնելով ֆինանսական օգնությունը և ծայրահեղ դեպքում՝ ժամանակավորապես կասեցնելով առանց վիզայի ռեժիմը։ Փաստաթուղթը նախատեսում է ինչպես կարճաժամկետ միջոցառումներ, այնպես էլ երկարաժամկետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել, եթե Վրաստանում իրավիճակը ապագայում չբարելավվի։