Կրեմլը սպառնալիք է տեսնում Ռուսաստանի համար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «միջուկային հռետորաբանությունը» վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Իհարկե, սա սպառնալիք է Ռուսաստանի համար: Եթե նա մեզ սպառնալիք է համարում, կազմակերպում է եվրոպական երկրների և Մեծ Բրիտանիայի շտաբների ղեկավարների հանդիպումը, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենք կիրառել, նախապատրաստվել Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառմանը, դա, իհարկե, սպառնալիք է»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում։
Լավրովի խոսքով՝ Մակրոնը «պարբերաբար հայտարարում է, որ կզանգի Պուտինին, անպայման կխոսի նրա հետ։ Լավրովի խոսքով՝ «նման հնարավորություններ կան, ոչ ոք չի արգելում, ընդհակառակը, Պուտինը մշտապես շեշտում է բաց լինելը բոլոր գործընկերների հետ շփման համար»։
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին Էմանուել Մակրոնի հայտարարությունները առճակատում է անվանել։ Նա ասել է, որ ֆրանսիացի առաջնորդի մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, որ Փարիզը ձգտում է շարունակել պատերազմը։
«Եթե մենք կարդում ենք Մակրոնի ելույթը, տպավորություն է ստեղծվում, որ Ֆրանսիան իսկապես ցանկանում է շարունակել պատերազմը։ Ավելին, Ֆրանսիան արդեն պատրաստ է իր միջուկային զենքն օգտագործել անվտանգության նպատակներով։ Սա արդեն միջուկային հռետորաբանություն է, սա Եվրոպայում միջուկային առաջնորդության հավակնություն է: Սա շատ, շատ նման է առճակատման», – ասել է Պեսկովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է բանավեճ սկսել այն հարցի շուրջ, թե արդյոք Ֆրանսիան պետք է օգտագործի իր միջուկային զսպիչ միջոցները եվրոպական մայրցամաքում մյուս դաշնակիցներին պաշտպանելու համար: