Թրամփի նոր սակագնային պլանի պատճառով, բենզինը կարող է թանկանալ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր սակագնային պլանի պատճառով ԱՄՆ-ում բենզինը կարող է թանկանալ։ Այս մասին գրում է «Bloomberg»-ը։
Թրամփի ծրագիրը, որը կբարձրացնի մաքսատուրքերը Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների համար, կարող է թանկացնել բենզինը, մասնավորապես 50 ցենտով մեկ գալոնի դիմաց:
Ինչպես հայտնի է, ընդհանուր առմամբ Կանադան և Մեքսիկան մատակարարում են ԱՄՆ ներկրվող նավթի յուրաքանչյուր 10 բարելից յոթը։
Թրամփի ծրագիրը հակասում է ներքին էներգետիկ ծախսերը և բենզինի գները մեկ գալոնի դիմաց 2 դոլարից ցածր նվազեցնելու նախընտրական խոստմանը:
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, չնայած նրան, որ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը ռեկորդային մակարդակի է հասել, երկիրը կրկին ներմուծման կարիք ունի։ Անցյալ տարի վառելիք արտադրողները օրական 6,5 մլն բարել նավթ են ներկրել, ինչը հավասար է Իրաքի և Քուվեյթի արդյունահանմանը միասին վերցրած:
Տեղեկության համար՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության առաջին իսկ օրվանից կտրուկ կբարձրացնի Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը։ Թրամփն ասել է, որ այդ քայլը պատասխան է անօրինական ներգաղթին և «հանցագործությունների և թմրանյութերի» հոսքին սահմանով: