Աբասթումանի շրջանցիկ ճանապարհի աշխատակիցներն արդեն 3 օր է՝ բողոքի ցույց են անցկացնում և կրկին չեն պատրաստվում աշխատել։ «Macro Construction» շինարարական ընկերության աշխատակիցներն ասում են, որ չեն դադարեցնի բողոքի ակցիաները, քանի դեռ ընկերությունը չի պատասխանի ի օգուտ իրենց շահերի:
Նրանք պահանջում են համապատասխան վարձատրություն, աշխատանքային օրենսգրքով համապատասխան աշխատանքային ժամեր և վարձատրություն ավելորդ ժամերի համար:
Փետրվարի 5-ին գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ զրուցել են ընկերության ներկայացուցիչները և առաջարկել են շարունակել աշխատանքը նույն պայմաններում։ Խոստացել են միայն կրճատել աշխատանքային ժամերը։ Առաջարկի շուրջ մտածելու համար տվել էին 2 օր: Պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, ուստի բողոքի ցույցը շարունակվում է նաև այսօր։
«Մենք ոչ մի համաձայնության չենք եկել: Ընկերությունը չի խոստանում կատարել պայմաններից որևէ մեկը, ուստի մենք շարունակում ենք բողոքել նույն պահանջներով»,- ասել է Իլիա Աֆրիամաշվիլին:Նա ասում է, որ անգամ պայմանագիրը չի կարդացել: Նրա խոսքով, ղեկավարը թուրք աշխատակիցներին ավելի լավ պայմաններում է պահում:
Հիշեցնենք, որ «Մակրո Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի մոտ 30 աշխատակիցներ փետրվարի 5-ից սկսել են բողոքել աշխատանքի պայմանների դեմ։