Կանոնակարգերով և առավելություններով փոխված կյանքը, ապագայի վախն ու անորոշություը - այսպես են հիշում 2020 թվականի գարունը Ախալցիխեում: 2021 թվականի աշնանը, մարդիկ ճտերի փոխարեն, հաշվում են կանոնակարգերով և բանկային «արտոնություններով» կրած վնասները:
Մարինա Նարիաշվիլին նոր իրականությանը հանդիպեց բոլորովին անպատրաստ: Ուրիշների նման, նա առանց գիտակցելու և առանց ավելորդ հարցերի ընդունեց պետության կողմից խստացված կանոնները: Իսկ նա ուներ լրիվ այլ ծրագրեր: Ընտանեկան հյուրանոցը նա հաջողությամբ էր ղեկավարում, ուստի որոշեց երկու սենյականոց բնակարան գնել և տեղափոխվել: Այս դեպքում խմբային այցի դեպքում, կնոջ ընտանիքի անդամները ստիպված չէին լինի դուրս գալ իրենց սենյակներից և զիջել դրանք զբոսաշրջիկներին: Սեզոնի ընթացքում հյուրանոցն այնքան էր ծանրաբեռնվում, որ հաճախ սեփականատերը ստիպված էր լինում մերժել դիմողներին: Բանկի օնգությանն էլ դիմել էր հենց այս հույսով:
Կորոնավիրուսն ամեն ինչ փոխեց: Քանի որ կնոջ գործը կախված էր միայզբոսաշրջության ոլորտից, սահմանված կանոնակարգերի պատճառով, նա մնաց առանց եկամուտի: Եռամսյա արտոնյալ ժամանակահատվածը, որն առաջարկել էր բանկային հատվածը հաճախորդներին, այն ժամանակ «փրկություն էր»: Ավելի ուշ պարզվեց, որ «եռամսյա փրկությունը» նշանակում էր վարկի արժեքի մինչեւ 3000 լարիով ավելացում: Մարինան կարծում է, որ կառավարությանը չի հաջողվել ճիշտ կառավարել համաճարակը:
«Փոքր ընտանեկան հյուրանոցները փլուզվեցին: Վարկեր ենք վերցրել, գիտե՞ք որքան: Մեծամասնությունն այս վիճակում ենք: Ուրախացանք, որ առաջարկեցին երեք ամիս դադարեցնել վճարումը, այդ ժամանակ երջանիկ էինք, բայց հետո պարզեցինք, որքան էր ավելանում տոկոսադրույքն, հասկացանք, որ սա արտոնություն չէր»,- ասում է Մարինա Նարիաշվիլին:
Արտոնյալ ժամանակաշրջանից օգտվել է նաև Ադիգենիի Գոմարո գյուղում բնակվող Նորա Շամանաձեն: Ամուսնու հիվանդության պատճառով, նա 2018 թվականին 2000 լարի չափով կենսաթոշակային վարկ է վերցրել:
«Կարծում եմ 30% թե 40 % եմ վերցրել, հստակ չգիտեմ: Ամուսնուս մոտ հաստատվեց հիվանդություն, շտապում էի, գումար էր հարկավոր: Վերցնելուց հետո վճարում եմ և դեռ չեմ ավարտել: Օրենքի համաձայն, ժամկետը 4 տարի էր, բայց երբ համաճարակը սկսվեց, շատ դժվարացանք վճարել, ստիպված էի երեք ամիս ընդհատել վճարումներս: Բազմազավակ ընտանիք ունեմ, ստիպված էի դիմել այս քայլին»,- պատմում է 70-ամյա Նորա Շամանաձեն:
«Լիբերթի» բանկի կողմից առաջարկված 600 լարին վերցնելուց հետո, ամեն ամիս վճարում է 80 լարի: Վարկը կվճարի 3 տարում:
«Ասեցին, որ տոկոսային վարկը այս ժամանակահատվածում վճարել չէի կարող, ուստի երկարացվեց ընթացքը»:
Համաճարակի պատճառով հաստատված կանոնակարգերի շնորհիվ բնակչությունը բանկային արտոնություններ ստացավ երկու փուլով: Ըստ պաշտոնական տեղեկատվության ՝ առաջին փուլում երեք ամսվա արտոնությունից օգտվել է 600.000 քաղաքացի, երկրորդ փուլում ՝ գրեթե 150.000:
Հյուրընկալող բիզնեսի ներկայացուցիչները «9-րդ ալիք» -ի հետ զրույցում կենտրոնանում են 2021 թվականի գարնանը համավարակի սխալ կառավարման հետևանքների վրա: Այդ ժամանակվանից հյուրանոցների սեփականատերերը բողոքում են իրավիճակի վատթարացումից: Շատերը չկարողացան վերսկսել աշխատանքը: Ըստ Հյուրանոցների եւ ռեստորանների ասոցիացիայի հիմնադիրի `պետության կողմից բիզնեսի համար առաջարկվող առավելություններն անարդյունավետ էին:
«Մայիսին և հունիսին, բանկային ասոցիացիայի հետ ունեցանք հանդիպումներ, հաշվեցինք, թե որքան գումար է կազմում 2020 թվականին հյուրընկալ բիզնեսի վերցրած վարկը: Ընդհանուր ստացվեց 140 մլն: Պետությունը, որը 3 մլն լարիից ավելի վարկ է վերցրել, 140 մլն չկարողացավ հատկացնել, որ վարկերն առանց տոկոսների, մեկ տարով հետաձգվեին: Սա շատ բիզնեսներ կփրկեր խորտակումից: Պետական վարկի 80%-ի սուբսիդավորումը շատ լավ է, բայց նախ, մնացած 20%-ը միևնույն է պետք է վճարել, այն դեպքում, երբ այս մարդիկ անգամ կոմունալ վարկերը փակել չեն կարող»,- ասում է Շալվա Ալավերդաշվիլին:
Համաճարակի արդյունքներն առավել խիստ ազդեցին բնակչության այն հատվածի վրա, որի եկամուտը կապված էր զբոսաշրջության հետ, այս փաստի շուրջ միանման համաձայնվում են ֆինանսիստները: Հետևաբար, արտոնյալ ժամանակաշրջանից հետո, վճարումների հետ կապված խնդիրներին տարածաշրջանում ամենաշատը բախվեցին այս բիզնեսի ներկայացուցիչները:
«2019 թվականի համեմատ ՝ 2021 թվականին, հյուրընկալող բիզնեսի մոտ 25% -ը վերսկսել է աշխատանքը: Բնականաբար, պետության կողմից որոշակի օգուտներ կային, ներառյալ վարկի տոկոսների սուբսիդավորումը, բայց երբ բիզնեսը մեկ տարով դադարում է, ոչ մի օգուտ այն չի կարող փրկել», - ասում է «Հասարակության և բանկերի» խորհրդի նախագահ՝ Գիորգի Կեպուլաձեն:
Արտոնյալ ժամանակաշրջանից հետո բնակչությանը տրվող վարկի գումարն ու ժամկետը մեծացել են: Գիորգի Կեպուլաձեի խոսքով ՝ երկիրը կանգնել է ծանր տնտեսական իրավիճակի դեմ, պետության կողմից համաճարակի սխալ կառավարման պատճառով: Նա նշում է մի քանի պատճառ.
1. Մինչև դպրոցի մեկնարկը երեխաներին տրվեց 200-ական լարի, այդ թվում նաև հարուստ ընտանիքների երեխաներին, ինչը մեկ շաբաթվա ընթացքում հանգեցրեց լարիի արժեզրկմանը;
2. Սխալ հաշվարկված գործընթացների արդյունքում, երկրում միջին գնաճը հասել է գրեթե 13% -ի;
3. Առաջնային սպառման ապրանքները՝ սնունդը, դեղորայքը, տրանսպորտը, վառելիքը թանկացան: Վերջին տասը տարիների ընթացքում նման գների աճ չի գրանցվել;
4. Ամեն ինչ շատ ավելի է թանկացել, քան միջին գնաճի մակարդակն է: Արդյունքում ավելացել է ժամկետանց վարկերի եւ սոցիալական նպաստների համար դիմողների թիվը:
Հասարակության և բանկերի հիմնադիրը կարծում է, որ սա «շատ ծանր հարված» է հատկապես աղքատների համար: Նրանց կրճատված եկամուտը հիմնականում ծախսվում է կոմունալ վճարների, դեղերի և սննդի վրա: Հետեւաբար, վարկերը վճարելու համար գումար չի մնում:
«Գներն աճել են, բայց տնտեսական աճը մեր գրպանների վրա չի ազդում: Սա իրականում հանգեցնում է նրան, որ մարդկանց պարտքեր տալու համար գումար չի մնում: Սովից կմեռնե՞ն: Վրաստանում 1 800 000-ից ավելի մարդ վարկ ունի»,- ասում է Գիորգի Կեպուլաձեն:
2020 թվականի մարտի 13 -ին վարչապետ Գիորգի Գախարիան ճեպազրույցի ժամանակ բացատրեց, որ բանկային հատվածի հետ միասին ընդունված որոշման արդյունքում մարտից մինչև մայիս Վրաստանի բոլոր քաղաքացիները կազատվեն վարկային ծառայություններից: Նաև, անհրաժեշտության դեպքում, բանկերը վարկի վերակազմավորում կտրամադրեն ընկերությանը առաջիկա երեք -չորս ամիսների ընթացքում:
«Այս ամենը տեղի կունենա առանց տոկոսների կապիտալիզացիայի, ինչը չափազանց կարևոր է», - ասել է Գիորգի Գախարիան:
Փաստաբան Օթար Կաչկաչիշվիլիի խոսքերով, արտոնյալ ժամանակաշրջանի մասին բանկային հատվածի և վարչապետի «միանշանակ և հստակ» հայտարարությունը ի սկզբանե գոհունակություն առաջացրեց բնակչության շրջանում:
«Առաջին, ազդեցիկ ժամանակաշրջանն անցնելուց հետո, բնակչության մոտ առաջացան հարցեր, այս վարկերը հետաձգվեցին, բայց հետագայում տոկոսներ կավելանայի՞ն, թե ոչ: Բնական է, բանկերի հետագա հայտարարություններն այլևս այնքան էլ պարզ չէին, չնայած կոնկրետ վարկային ծառայողները և բանկերի օպերատորներերը պարտավոր էին պատասխանել հարցերին: Առանձին թեմա է, որ հաղորդակցությունն անտեղի էր և անորոշ »:Իրավաբանական գրասենյակի հիմնադիրը կարծում է, որ առևտրային բանկերն օգտվել են ստեղծված իրավիճակից և չեն հրաժարվել շահույթ ստանալուց:
Բանկերը պետությունից առաջ ընկան և մինչև կգործեր արտակարգ դրությունը, առաջարկեցին հետաձգել վարկերը: Դրանով ոչ ոք չի տուժել, բացի վարկառուներից:
«Մեր բանկային կազմակերպություններն առանձնանում են բարձր շահույթով: Նույնիսկ համաճարակի ժամանակ նրանք դուրս եկան ռեկորդային բարձր շահույթով: Մինչև պետության կողմից բանկի և տոկոսադրույքների հարցը կարգավորող հրամանագրի ընդունումը, նրանք շահեցին բնակչության բարեհաճությունը պոպուլիստական հայտարարություններով, ինչը ինչ -որ կերպ սահմանափակեց պետությանը, իր ակտում ներառել առևտրային բանկերի հարաբերությունները կարգավորող այնպիսի նորմ, որը առևտրային բանկերն իբր կարգավորել էին իրենց հաճախորդների հետ: Հենց այս պատճառով էլ առաջ ընկան բանկերը, որպեսզի շահույթը չկորցնեին»:Ըստ փաստաբանի ՝ բանկերի այս որոշմամբ երկու վատ բան տեղի ունեցավ.
Նախ `բանկը գումար չի պահանջել և հետաձգել է, բայց հաշվիչը չի կանգնել:
Երկրորդ ՝ կառավարության ընդունած օրենսդրական ակտում, բանկերի նախկին որոշմամբ, ոչինչ չէր գրվում բանկի հետ հարաբերությունների կարգավորման մասին, որի հիման վրա քաղաքացիները կկարողանային դատական վեճ հարուցել:
Այդ դեպքում հնարավոր էր, որ բնակչությունը ազատվեր եռամսյա վարկային պարտավորությունից, քանի որ ֆորս-մաժորային իրավիճակում, մի շարք հոդվածներով, պետությունը ներում է բանկերին, եթե բանկը ներում է քաղաքացիներին կոնկրետ պարտքերի վերաբերյալ:
«Ակնհայտ է, ոչ ոք չգիտեր, որ համաճարակը կսկսվի, բայց Ազգային բանկը, ֆորսմաժորային իրավիճակի դեպքում, նման նորմ է սահմանել առևտրային բանկերի համար ՝ նման պահերին մարդկանց օգուտներ տալու համար: Ցավալի է, որ բանկային հատվածը չհիշեց այս նորմը, և պետությունը ոչինչ չասաց այդ մասին», - ասում է Օթար Կաճկաճիշվիլին:
Թե՛ առևտրային բանկերի, թե՛ պետության այս քայլը դժգոհություն է առաջացնում փաստաբանների մոտ: Վերջինս կարծում է, որ բնակչությունը մոլորության մեջ է: Հատկապես, երբ արտակարգ իրավիճակի ժամանակ միջոցներ գտնելու աղբյուրներ չկան:
«Ավելի լավ կլիներ, որ բանկերը չդիմեին նման քայլի, քանի որ պետությունը բնակչությանն առանց այն էլ կդադարեցներ, բայց բանկերը հայտնվեցին իրենց առաջարկի գագաթնակետին և, խելացի քայլով, չհրաժարվեցին շահույթ ստանալ նույնիսկ այս ընթացքում»:
Գիորգի Կեպուլաձեն չի կիսում փաստաբանի դիրքորոշումը: Նրա կարծիքով, առեւտրային բանկերի կողմից տրված առաջարկն ու խորհուրդը վարկառուներին, հարմարեցված չէր հետ:
«Ոչ ոք չէր խանգարում պետությանը որևէ բան անել ի օգուտ բնակչությանը, եթե նա ցանկանար: Այս սոցիալական օգնությունների համար կառավարությունը մեծ գումարներ է վարկով վերցրել: Իսկ այժմ ասում են, որ Գախարիան այլևս չէր կարող ղեկավարել գործընթացը: Այն օգնությունը, որը ստացավ բնակչությունը, կաթիլ էր օվկիանոսում»:«Հասարակություն և բանկեր» -ի հիմնադիրն ասում է, որ արտոնյալ շրջանը նույնպես հեշտ չի անցել առևտրային բանկերի համար: Մոտ 600 հազար մարդ, ովքեր ունեին առնվազն 100 լարի վարկ, որը համարժեք է ամսական 60 մլն -ի, հանկարծ կանգ առան:
«Իրականում այս նախաձեռնությունը երեք ամսվա ընթացքում կազմեց գրեթե մեկ միլիարդի վնաս, և եթե չլիներ Ազգային բանկի ներգրավումը, ապա դա բավականին մեծ կորուստ կլիներ առևտրային բանկերի համար և դժվար կլիներ ապահովել այդ առավելությունը: Բանկերն ուղղակի առաջարկեցին վերակառուցել վարկառուների պարտքերը»:
Վրաստանի կառավարության
պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն ՝ երկիրը ճգնաժամային կառավարման համար ընդհանուր առմամբ ծախսել է 3 միլիարդ 500 միլիոն լարի: Այն ժամանակ գործող վարչապետ՝ Գիորգի Գախարիայի խոսքով, այս գումարից 1,35 մլրդ լարի ծախսվել է քաղաքացիների նպատակային ֆինանսական և սոցիալական աջակցության վրա, 2,110 մլրդ լարի ՝ տնտեսության և ձեռնարկատերերի համար: Քաղաքացիների առողջության մասին հոգ տանելու համար պետությունը հատկացրեց շուրջ 350,000,000 լարի:
Կարո՞ղ են բանկերը, գոնե համաճարակի ընթացքում, հրաժարվել շահույթ ստանալուց, թե՞ պետությունը կարող է սուբսիդավորել ծախսերը և օգտագործել այն հոդվածը, որով Ազգային բանկը գործում է ֆորսմաժորային իրավիճակում:
70-ամյա Նորա Շամանիձեն այս հարցերի պատասխանը չունի: Փոխարենը, նա հաստատ գիտի, որ մինչև 2024 թվականը ամեն ամիս պետք է վճարի 80 լարի ՝ համաճարակի ժամանակ ընտանիքի բուժման և սննդի համար բանկից հանված 2600 լարիի դիմաց: