Ախալքալաքում սպանության մեջ մեղադրվողին դատապարտել են ազատազրկման
Օրերս Ախալցիխեի շրջանային դատարանը Արթուր Գաբրիելյանին մտածված սպանություն կատարելու համար դատապարտել է 7 տարի ազատազրկման և 5 տարի զրկել զենք կրելու իրավունքից:
2020 թվականի օգոստոսի 8-ին, Ախալքալաք քաղաքի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել էր Կուլիկամ գյուղից մի երիտասարդ, սպանության մեղադրանքով ձերբակալվել էր Արթուր Գաբրիելյանը:
Վերջինս մեղրադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, ինչը նշանակում է՝ կանխամտածված սպանություն և ապօրինի ճանապարհով հրազեն ձեռքբերել, պահել և օգտագործել:
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 8-ին, Ախալքալաքում տեղի ունեցած կրակոցների արդյունքում մահացել էր Կուլիկամ գյուղի բնակիչ՝ Վ.Մ-ն, ծնված 1993 թվականին։ Երիտասարդի սպանությունից հետո սկսվել էր անկարգություններ, քաղաքում այրել էին 4 տուն և մեկ հյուրանոց։
Արդեն օգոստոսի 9-ին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, դեպքից ժամեր անց ձերբակալվել է Արթուր Գաբրիելյանը՝ (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով: Տեղեկությունը տարածում է Ջավախքի լրատվական կայքը։