Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների համաձայն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու և խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած մանր խուլիգանության համար ձերբակալվել է 107 անձ,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ հայտարարության՝ չնայած ՆԳՆ ներկայացուցիչների բազմաթիվ կոչերին, Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ տեղի ունեցած հանրահավաքը բազմիցս գերազանցել է հավաքների և ցույցերի մասին օրենքով սահմանված նորմերը։
«Ամբողջ գիշերվա ընթացքում ցույցի անդամները բանավոր և ֆիզիկապես առերեսվել են ոստիկանների հետ։ Ռուսթավելի պողոտայում մարդիկ իրավապահների ուղղությամբ տարբեր իրեր, քարեր, պիրոտեխնիկա, ապակյա շշեր ու երկաթե առարկաներ են նետել։
Ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։ Մինչ այս մեկ ոստիկան մարմնի տարբեր մասերում այրվածքներով շարունակում է մնալ բուժհաստատությունում։
Հասարակությունը տարբեր հեռուստաալիքներով պարզ տեսավ հանրահավաքի մասնակիցների բռնի, անօրինական գործողությունները։ Չնայած բազմաթիվ կոչերին՝ հավաքվածները օրենսդիր մարմնի հարակից տարածքում վնասել են Թբիլիսիի քաղաքապետարանի և մասնավոր անձանց ենթակառուցվածքները, խորհրդարանի պաշտպանիչ ամբարտակը, հրկիզել տարբեր իրեր և լարեր, կանգնեցրել բարիկադներ, վնասել խորհրդարանի մուտքի դարպասը և տեսահսկման տեսախցիկները հարակից տարածքում:
ՆԳՆ աշխատակիցները իրավակարգը վերականգնելու նպատակով կիրառել են օրենքով սահմանված հատուկ միջոցներ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների համաձայն՝ իրավապահների կողմից ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության համար բերման է ենթարկվել 107 անձ»,- ասված է հայտարարության մեջ։