301 թվականից՝ քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց ի վեր, ամեն տարի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և ողջ աշխարհասփյուռ հայությունը նշում է տարվա հոգևոր 5 տաղավար տոներից առաջինը՝ Հիսուսի հրաշափառ ծննդյան և Աստվածհայտնության տոնը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի» ավանդական ավետիսով։
Հիսուսի ծնունդը
Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար է անցկացվում: Յուրաքանչյուր ոք գնում է իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ է գալիս: Երբ Սուրբ կույսի հղության օրերը լրանում են, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չի գտնվում, նրանք ստիպված մի քարայրի մեջ են տեղավորվում, որտեղ էլ ծնվում է Հիսուսը:
Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին՝ երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները»: