Առաջին դասարանցիների գրանցումը սկսվում է
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է 2023-2024 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման պայմանները։
I փուլ – Գրանցման առաջին փուլում՝ 2023 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 20-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Առաջին փուլում գրանցման ենթակա երեխաների ծնողները պետք է դիմեն ցանկալի հանրակրթական դպրոց։ Դպրոցի տնօրինությունը երեխային կգրանցի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS): Կրթության առանձնահատուկ կարիքը հաստատելու համար ծնողը դպրոցում լրացնում է համապատասխան դիմում-հայտը, որից հետո բազմամասնագիտական թիմը կգնահատի երեխային և կորոշի նրա կրթական կարիքը։ Կրթության առանձնահատուկ կարիքների հաստատման դեպքում դպրոցը համապատասխան փաստաթղթերի հիման վրա կապահովի աշակերտի ընդգրկումը։ Առաջին փուլում գրանցված երեխաների համար փաստաթղթերի ներկայացման և ընդունելության ժամկետն է 2023 թվականի մարտի 21-ից մինչև 2023 թվականի ապրիլի 28-ը։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտ կարող է համարվել երեխա, ով ունի՝ ա) ֆիզիկական հաշմանդամություն բ) մտավոր զարգացման խախտում գ) սովորելու կարողության խախտում դ) զգայական զարգացման (լսողության և (կամ) տեսողության) խախտում ե) խոսքի զարգացման խանգարում զ) վարքային և հուզական խանգարում. է) երկարատև հոսպիտալացման անհրաժեշտություն ը) սոցիալական գործոններով պայմանավորված ուսուցման դժվարություններ, ինչի պատճառով նրանք չեն կարող բավարարել ազգային ուսումնական պլանի պահանջները թ) աուտիզմի սպեկտր: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հնարավորություն կունենան գրանցվել հաջորդ փուլերում։
II փուլ – գրանցումը հնարավոր կլինի մայիսի 2-ից մինչև մայիսի 15-ը, և դպրոցում կգրանցվեն այն երեխաները, ում՝ ա) քույր-եղբայրը սովորում է ցանկալի դպրոցում բ) ծնողը/խնամակալը ցանկալի հանրակրթական դպրոցի աշխատող է գ) Ընտանիքի երկու և ավելի երեխաներ միաժամանակ մտնում են առաջին դասարան: Երկրորդ փուլում հաշվառումն իրականացվում է հանրակրթական դպրոցներում՝ ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հիման վրա։ Գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը։
III փուլ – ընդհանուր գրանցումը կմեկնարկի մայիսի 17-ից և կշարունակվի մինչև հունիսի 9-ը։ Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումն իրականացվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 13-ից հունիսի 24-ը։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։
IV փուլ՝ հունիսի 28-ից հուլիսի 12-ը կիրականացվի դպրոցներում: Այս փուլում այն աշակերտները, ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն թափուր մնացած կամ նախորդ փուլերում ազատված տեղերում։ Չորրորդ փուլում հանրակրթական դպրոցն ապահովում է աշակերտի գրանցումը ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։
Նախարարությունը հորդորում է ծնողներին ուշադիր ծանոթանալ գրանցման պայմաններին, որպեսզի կարողանան ժամանակին և սահուն իրենց երեխային ընդունել դպրոց:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։ Նյութի աղբյուր՝ 1tv.ge