«Այս օրենքը ոչ մեկին պետք չէր, պետք է չեղարկել այն»,- Զուրաբիշվիլի
Սալոմե Զուրաբիշվիլին Նյու Յորքից դիմում է բնակչությանը: Վրաստանի նախագահը նշել է, որ նա ժողովրդի կողքին է եւ անպայման վետո կդնի այս օրենքի վրա։ Նա նաեւ ասաց, որ այս օրենքը պետք է չեղյալ համարվի եւ չուղարկվի Վենեցիայի հանձնաժողով։
«Այս օրենքը, որը ոչ մեկին պետք չէր, որը ոչ մի տեղից չի բխում, եթե ոչ Մոսկվայի թելադրած լինի։ Օրենքը պետք է չեղարկվի։ Ինչ ձևով ուզում է լինի, Վենեցիայի հանձնաժողով չպետք է ուղարկվի, և հանձնաժողովը լավ գիտի, թե դա ինչ օրենք է։
Ես առաջին իսկ օրվանից ասել եմ, որ վետո կդնեմ այս օրինագծի վրա և կանեմ: Ինձ չի հետաքրքրում հոդվածների քննարկումը, ինձ չի հետաքրքրում դրա նմանությունը հին ամերիկյան օրենքին, որը մենք շատ լավ գիտենք, որ բոլորովին այլ նպատակի էր ծառայում։ Ինձ հետաքրքրում է միայն Վրաստանի ապագան, ինձ հետաքրքրում է միայն սահմանադրությունը, ես սահմանադրության երաշխավորն եմ։
Այս սահմանադրության մեջ գրված է, որ Վրաստանի բոլոր ինստիտուտները պարտավոր են, առաջին հերթին ես, ինչպես նաև կառավարությունը, ամեն ինչ անել այս երկիրը Եվրամիություն հասցնելու համար, եվրաինտեգրման ճանապարհը պաշտպանելու համար, և այսօր, բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են այս օրենքը, բոլոր նրանք, ովքեր այսօր կողմ են քվեարկել օրենքին, բոլորը խախտում են այս սահմանադրությունը։ Բոլորը մեզ բաժանում են Եվրոպայից»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։
Նախագահը դիմել է նաև հանրահավաքի մասնակիցներին.
«Ես ձեր կողքին եմ, ոչ ոք իրավունք չունի խլելու ձեր ապագան»։
«Ես դիմում եմ ձեզ, ովքեր այսօր երեկոյան կանգնած եք Ռուսթավելիի վրա, ինչպես ես ինքս բազմիցս կանգնել եմ։ Ես կանգնած եմ այստեղ՝ Նյու Յորքում, իսկ հետևումս Ազատության արձանն է։ Սա այն խորհրդանիշն է, որի համար Վրաստանը միշտ պայքարել է, որի համար մենք եկել ենք մինչ օրս, և ես այսօր ձեր կողքին եմ, քանի որ այսօր դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը։
Վրաստանը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում և ոչ մեկին թույլ չի տա խլել այս ապագան։ Այս ապագան պատկանում է մեր հաջորդ սերունդներին, բոլորիս, այս ապագան այն է, ինչ պատրաստել են մեր նախորդ սերունդները, և, հետևաբար, ոչ ոք իրավունք չունի խլել ձեր ապագան ձեզանից»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։