«Վրացական երազանք»-ը դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
«Վրացական երազանք»-ը որոշել է դադարեցնել իր աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)՝ վրացական պատվիրակության մանդատի ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձևի պատճառով։ Այս մասին հայտարարեց իշխող կուսակցության ներկայացուցիչ Թեա Ծուլուկիանին։
Նրա խոսքով, ընդունված փաստաթղթի որոշ դրույթներ «անարդար և անհիմն են», իսկ առաջին կետը «անցնում է վեհաժողովի իրավասության սահմանները, խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և անտեսում վրացի ժողովրդի կամքը»։
Ծուլուկիանին նշել է, որ այս պայմաններում վրացական պատվիրակությունը հրաժարվում է ԵԽԽՎ-ում մասնակցությունից, քանի դեռ չի փոխվել Վրաստանի նկատմամբ անարդար վերաբերմունքը և չի դադարեցվել «շանտաժը»։
«Վրաստանը, իհարկե, մնում է Եվրոպայի խորհրդի անդամ, բայց խորհրդարանական վեհաժողովում մեր մասնակցությունը կվերականգնվի միայն այն դեպքում, երբ դադարեն անարդար որոշումները և արտաքին ճնշումները»,– ընդգծեց Ծուլուկիանին։