Առճակատման վտանգը միշտ կլինի․ Ալիև
«Քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը և Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են իրենց Սահմանադրությունում, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պահվածքում անկեղծություն չի դրսևորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA միջազգային ֆորումի ժամանակ։
Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ խնդրահարույց համարելով Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
Ալիևն այսօր վերստին պնդել է՝ սպառնալիք է նաև Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու փորձերը։
«Մենք վերականգնել են մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել անջատողականությանը և վերահսկողության տակ վերցրել մեր սահմանները։ Եվ մեզ համար այդ հարցը փակ է։ Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք պոտենցիալ սպառնալիքները և պոտենցիալ վտանգը», - ասել է Ադրբեջանի նախագահը և հավելել՝ «պետք է միշտ պատրաստ լինեն հակահարված տալու»։
Ռազմական ծախսերը մեծացնող Բաքուն պարբերաբար մեղադրում է Երևանին «ռազմականացման քաղաքականություն վարելու համար»։ Հայաստանն էլ հայտարարում է, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»։