Միգրացիան եւ սովը կանխելու համար միլիարդավոր դոլարներ են պետք. ՄԱԿ
Առանց միլիոնավոր սովյալների համար հավելյալ դոլարների՝ աշխարհը առաջիկա 12-18 ամիսներին կբախվի զանգվածային միգրացիայի, երկրների ապակայունացման եւ երեխաների ու մեծահասակների սովի, զգուշացրել է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (ՀՊԾ) ղեկավար Դեւիդ Բիսլին, տեղեկացրել է The Associated Press-ը։
Բիսլին բարձր է գնահատել ԱՄՆ-ի եւ Գերմանիայի կողմից անցյալ տարի ֆինանսավորման ավելացումը եւ կոչ է արել Չինաստանին, Պարսից ծոցի երկրներին, միլիարդատերերին եւ այլ երկրների՝ «մեծ առաջընթաց քայլ կատարել»։
Գործակալության հարցազրույցում նա նշել է, որ «խիստ անհանգստացած է» այն բանով, որ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրին չի հաջողվում հավաքել մոտ 23 մլրդ դոլար, որն անհրաժեշտ է այս տարի միլիոնավոր կարիքավորներին օգնելու համար։
Անցած տարի Բիսլին ՄԱԿ-ի ՀՊԾ-ի համար հավաքել էր 14,2 մլրդ դոլար, ինչը կրկնակի գերազանցում էր 2017թ. 6 մլրդ դոլարը, երբ նա զբաղեցնում էր գործադիր տնօրենի պաշտոնը։ Այդ փողերն օգնել են ավելի քան 128 մլն մարդու ավելի քան 120 երկրներում եւ տարածքներում։
Բիսլիի խոսքով՝ անցած տարի նրան հաջողվել է համոզել ԱՄՆ-ին ավելացնել ֆինանսավորումը՝ 3,5 մլրդ-ից հասցնելով 7,4 մլրդ դոլարի, իսկ Գերմանիային՝ 350 մլն դոլարից 1,7 մլրդ դոլարի, բայց համոզված չէ, որ նրանք դա կանեն այս տարի։
Բիսլին նաեւ ասել է, որ ամենահարուստ միլիարդատերերն աննախադեպ շահույթներ են ստացել քովիդի համավարակի ժամանակ, եւ «ավելորդ չի լինի մի քանի միլիարդատերերից խնդրել քայլ առաջ կատարել եւ օգնել կարճաժամկետ ճգնաժամի ժամանակ», չնայած բարեգործությունը պարենային ճգնաժամի երկարաժամկետ լուծում չէ։
«Աշխարհը պետք է հասկանա, որ հաջորդ 12-18 ամիսները կրիտիկական են, եւ եթե մենք դադարեցնենք ֆինանսավորումը, դուք կունենաք զանգվածային միգրացիա, դուք կունենաք ապակայունացած երկրներ, եւ այդ ամենը կլինի երեխաների եւ մարդկանց քաղցի ֆոնին ամբողջ աշխարհում»,- զգուշացրել է նա։