«Բերքը կկազմի մինչև 150 հազար տոննա - ֆերմերները սպասում են գների բարձրացմանը»
Հացահատիկի բերքահավաքի գործընթացը դեռ շարունակվում է։ Դրա հիմնական պատճառը կլիմայական պայմաններն են։ Հացահատիկ արտադրողների ասոցիացիայի նախագահ Նիկոլոզ Բենիաիձեն ասում է, որ բերքի հիմնական մասը հավաքված է։
Ասոցիացիայում ենթադրում են, որ այս տարի հացահատիկի բերքը կլինի անցյալ տարվա նման, շուրջ 150 հազար տոննայի սահմաններում։ Ինչ վերաբերում է որակին, Բենիաիձեի խոսքով, այս տարի որակը ավելի լավ է։
«Բերքահավաքը շարունակվում է, վերջնականապես չի ավարտվել, սակայն հիմնական մասը հավաքված է, հավանաբար կհասնենք անցյալ տարվա թվերին։ Կարծում եմ՝ 150 հազար տոննայից ավելի կլինի այս տարի հացահատիկի բերքը։ Որակը ավելի լավ է, քան անցյալ տարի։ Ալազանի ափին որոշ տարածքներ ջրհեղեղի ենթարկվեցին, որոշ տարածքներում բերքը արդեն հավաքված է, բայց կորուստներ եղել են։ Որոշ տարածքներում հացահատիկը հավաքված է, բայց հնարավոր է՝ որոշ մասեր մնացել են։ Կան տարածքներ, որտեղ ֆերմերը չի կարողանում հացահատիկ հավաքել, թե ինչ տարածք է մնացել այս տարի, դեռ չգիտենք»,- ասաց ասոցիացիայի նախագահը։
Ինչ վերաբերում է գնին, 1 կգ հացահատիկի գինը շուկայում 55 թեթրի է, ինքնարժեքը՝ 65-70 թեթրի սահմաններում։ Ինչպես նշում է ասոցիացիայի նախագահը, ֆերմերները սպասում են, որ գինը կբարձրանա, որպեսզի սկսեն իրացումը։
«Գինը, ցավոք, դեռ 55 թեթրի սահմաններում է։ Աշխարհում ցածր բերք կա, և ֆերմերները սպասում են, որ գինը կբարձրանա։ Նրանք ունեն վարկեր։ Սպասում են, որ գինը կհասնի գոնե ինքնարժեքին, որպեսզի որոշակի եկամուտ ստանան և վարկերը մարեն։ Հիմա ինքնարժեքը 65-70 թեթրի է»,- ասաց Նիկոլոզ Բենիաիձեն։