Վրաստանում կանայք տղամարդկանցից 34%-ով ավելի քիչ աշխատավարձ են ստանում՝ այս մասին վկայում են Վիճակագրության ծառայության կողմից հրապարակված վերջին տվյալները։ Մասնավորապես, 2024 թվականի երկրորդ եռամսյակում վարձու աշխատող կանանց միջին անվանական աշխատավարձը կազմել է 1,590.2 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2,413.5 լարի։ Տարեկան աճը կազմել է 153.1 լարի (10.7%) կանանց դեպքում և 251.8 լարի (11.7%) տղամարդկանց դեպքում։ Տղամարդկանց աշխատավարձը բոլոր ոլորտներում գերազանցում էր կանանց աշխատավարձին։
Գենդերային աշխատավարձերի տարբերությունը նկատելի է ոչ միայն Վրաստանում, այլև Եվրոպայում։ Կանայք դեռևս բախվում են գենդերային խնդիրների, երբ խոսքը վերաբերում է աշխատավարձերին, աշխատանքային շուկայում ներգրավվածությանը, զբաղվածությանն ու աշխատանքային հիերարխիային։
Վերջին տվյալների համաձայն, Եվրամիությունում աշխատավարձերի գենդերային տարբերությունը կազմել է 12.7%, այսինքն՝ կանայք, համեմատած տղամարդկանց հետ, միջինում 12.7%-ով ավելի քիչ են վաստակել մեկ ժամում։ Մասնավորապես, տղամարդկանց վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյի դիմաց կանայք միջինում վաստակում են 87.3 եվրո։ Տարբերությունը լրացնելու համար կանանց անհրաժեշտ է աշխատել լրացուցիչ 1.5 ամիս։
Գենդերային աշխատավարձերի տարբերությունը զգալիորեն տարբերվում է Եվրամիության և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի (EFTA) անդամ երկրների միջև։ 2022 թվականին որոշ երկրներում այն գերազանցել է 17%-ը։