«20 ոստիկաններ ծնկի են բերել և ստիպել հերքել ծեծի փաստը»,- Մելիք Ռաիսյան
10 օր բանտարկությունից հետո ազատ արձակվեց «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ՝ Մելիք Ռաիսյանի որդին ՝ Կառլոս Ռաիսյանը: Չնայած կալանքին, «պարետային ժամը» խախտելու համար նա ստիպված կլինի վճարել 2000 լարի տուգանք:
Կառլոս Ռաիսյանի փաստաբանի հայտարարության համաձայն, տուգանքի չեղարկման մասով բողոք է նախապատրաստվում, որը առաջիկայում կներկայացվի դատարան: Ըստ Ավթանդիլ Թելիաշվիլիի, տուգանք գրելու վայրը ոչ թե տան հարակից տարածքն էր, այլ հասարակական հավաքի վայրը:
«Ես, իհարկե, համաձայն չեմ դատարանի որոշման հետ: Կառլոս Ռաիսյանը գտնվում էր իր տան հարակից տարածքում, հարբած վիճակում, երբ ոստիկանությունը նրան տարավ և սկսվեց բախումը: Հետո մեղադրանք ներկայացրեցին, ոստիկանության նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի համար: Կարծում եմ, որ նրան հրահրել են: Բացի սրանից, ոչ մի տեղ գրված չէ, որ շեմը հատել չի կարելի»,- ասում է փաստաբան՝ Ավթանդիլ Թելիաշվիլին:
Կառլոս Ռաիսյանը տուգանվել է Ախալքալաքում, դեկտեմբերի 23-ին «պարետային ժամը» խախտելու համար, և ձերբակալվել է իրավապահ մարմինների դեմ դիմադրելու մեղադրանքով:
Ձերբակալվածի հայրը համաձայն է այն բանի հետ, որ իր որդին խախտել է պարետային ժամը և բժշկական դիմակ չի կրել: Նա ասում է, որ արձանագրությունը լրացնելուց հետո իրենք տուգանքը կվճարեին, սակայն, ըստ նրա, քաղաքում պարեկություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները իրենց մոտ արձանագրություններ չունենալու պատճառով ուզում էին իր որդուն տանել ոստիկանություն, որի իրավունքը նրանք չունեին:
Ըստ Մելիք Ռաիսյանի, իր որդուն ծեծելու փաստի հերքումը իրավապահները ստիպել են բռնություններով ու սպառնալիքներով:
«Նախ, երիտասարդ տղա է, նա էլ չի ուզում, որ քաղաքում բոլորը իմանան և հետո, 20 ոստիկաններ որդուս հայհոյանքներով ծնկի են բերել և ստիպել են հերքել այն, որ նրան ծեծել են: Կարևորն այն է, որ որդիս արդեն ազատության մեջ է, հերքել է թե ոչ, նշանակություն չունի»,- ասում է Մելիք Ռաիսյանը:
Կառլոս Ռաիսյանը 10-օրյա կալանքից դուրս է եկել հունվարի 3-ին: