Վրաստանում թմրանյութերի իրացման փաստով Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել 1996 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ու. Բ.-ին՝ դատավորի որոշման հիման վրա, փոխանցում է 1tv.ge-ն։
Ըստ ՆԳՆ-ի՝ նա մեղադրվում է մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ՝ 5-20 տարի կամ ցմահ ազատազրկում։
«Դատավորի որոշման հիման վրա իրավապահները մեղադրյալից կատարել են թմրամիջոցի հսկիչ գնում և գնման գաղտնի տեսաձայնագրություն, որի ընթացքում նկատվել է, որ Ու. Բ.-ն ապօրինի իրացրել է մեծ քանակությամբ թմրամիջոց:
Բաթումի ոստիկանները մեղադրյալի անձնական և ժամանակավոր բնակության վայրի խուզարկության արդյունքում առգրավել են փաթեթավորված և վաճառքի համար պատրաստված 3 փաթեթ թմրամիջոց՝ «մետամֆետամին»։
Խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման դեպքերի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, ինչպես նաև 6-րդ մասի «ա» ենթակետով»,- ասված է հաղորդագրության մեջ։