Տղամարդը հյուրանոցում նռնակ է պայթեցրել. նրա վիճակը ծանր է
Թբիլիսիի «Լյուքս» հյուրանոցում ձեռքի նռնակ պայթեցրած տղամարդը տեղափոխվել է Ղուդուշաուրիի կլինիկայի վերակենդանացման բաժանմունք, բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը ծանր է։
Կլինիկայի շտապ բժշկության և աղետների ծառայության ղեկավար Գիորգի Բերիաշվիլին լրագրողներին հայտնել է, որ 47-ամյա տղամարդը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել և ենթարկվել է վիրահատության։
«Հիվանդին տեղափոխել են երեկ երեկոյան։ Պայթյունի հետեւանքով մարմնական բազմաթիվ վնասվածքներ են եղել։ Ստորին վերջույթների, կրծքավանդակի, գլխի վնասվածքներ: Իրավիճակը կրիտիկական է: Գիշերը վիրահատական միջամտություն է կատարվել։ Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բուժվում է»,- ասել է Գիորգի Բերիաշվիլին։
Հիշեցնենք, Թբիլիսիի Աղմաշենեբելի նրբանցքում գտնվող «Լյուքս» հյուրանոցում քաղաքացին ձեռքի նռնակ է պայթեցրել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը պատվիրել է հյուրանոցի համարներից մեկը, որտեղ պայթեցրել է ձեռքի նռնակը։ Պայթյունի հետեւանքով նա վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ հետաքննությունն անցկացվում է Քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածով, որը ենթադրում է պայթյուն։