Վրաստանից Իտալիա է արտահանձնվել մաֆիայի խմբավորման անդամը
Վրաստանի գլխավոր դատախազության կողմից տարածված տեղեկության համաձայն, Վրաստանի իրավապահները Իտալիա են արտահանձնել «Նդրանգետա» մաֆիայի խմբավորման կալանավորված անդամին։
«Մաֆիա տիպի խմբին աջակցելու համար այս երկրի իրավապահ մարմինների կողմից տեղի է ունեցել հետախուզման մեջ գտնվող անձի արտահանձնումը Վրաստանից Իտալիա, որը հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր շրջաբերականի համաձայն»,- ասվում է զեկույցում։
Ինչպես նշվում է, ձերբակալվածը 2015 թվականից ակտիվորեն ներգրավված է եղել «Նդրանգետա»-ի գործունեության մեջ և հետախուզվում էր ապօրինի եկամուտների լվացման, համակարգչային համակարգեր ապօրինի ներթափանցման, կիբեր խարդախության, թմրամիջոցների ձեռքբերման, պահպանման և վաճառքի, ինչպես նաև հանցագործության մասին կեղծ հաղորդման մեղադրանքով:
Հոկտեմբերի 24-ին վրացական լրատվամիջոցները հաղորդում էին երկրում իտալական մաֆիայի առաջնորդներից մեկի՝ 67-ամյա Ջուզեպպե Սգանգայի ձերբակալության մասին, ով Իտալիայում 2020 թվականին հեռակա 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի կողմից հաստատված տեղեկությունների համաձայն՝ Սգանգան միջազգային հետախուզման մեջ է հայտնվել հանցավոր գործունեության մեղադրանքով (ինչպես մի քանի այլ դատապարտյալներ), որը նա իրականացրել է Թուրինում։
Ավելի քան 10 տարի առաջ Իտալիայի իրավապահ մարմինները պարզել են, որ ավանդաբար հարավային «Նդրանգետա» հանցավոր կազմակերպությունը երկար ժամանակ տարածել է իր գործունեությունը երկրի հյուսիսային շրջաններում, ինչպես նաև եվրոպական այլ երկրներում։ «Նդրանգետան» համարվում է ամենահզոր հանցավոր խմբավորումը, որը վերահսկում է Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի մատակարարումը։