Ընտրակեղծիքների համար երկու անձի նկատմամբ մեղադրանք են առաջադրել
Վրաստանի դատախազությունը ընտրությունները կեղծելու փաստով մեղադրանք է առաջադրել երկու անձի։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի դատախազությունը։
Գործակալության տվյալներով՝ ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեղադրյալները կեղծ քվեաթերթիկներ են տեղադրել Մառնեուլիի թիվ 69 ընտրատեղամասի քվեատուփում։
«Իրավապահները հոկտեմբերի 31-ին դատարանի որոշման հիման վրա կալանավորել են ամբաստանյալներին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 1643-րդ հոդվածով (ընտրակեղծիք), որը նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում։ Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար կդիմի դատարան»,- ասված է դատախազության տեղեկատվության մեջ։