Աբու Դաբիում «Վրացական երազանքի» պատգամավորները հարձակվել են Վրաստանի քաղաքացու վրա
Աբու Դաբիում «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ Իրակլի Զարկուան և Վիկտոր Սանիկիձեն ֆիզիկապես հարձակվել են քաղաքացի Լաշա Գաբիտաշվիլու վրա։ Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում, որտեղ երևում է, որ միջադեպի վայրում ներկա է նաև «Վրացական երազանք» կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Գելա Սամխարաուլին։
Դեպքը տեղի է ունեցել հյուրանոցի ճաշասրահում։ Տեսանյութում երևում է, որ Լաշա Գաբիտաշվիլու վրա Իրակլի Զարկուան ուտելիք է նետում և ֆիզիկապես հարձակվում, իսկ հետո միջամտում է Վիկտոր Սանիկիձեն։
Հետագայում Լաշա Գաբիտաշվիլին տեսաուղերձ է տարածել՝ հայտնելով, որ միջադեպը կապված է նախորդ օրվա իրադարձությունների հետ, երբ նա Իրակլի Զարկուային և Վիկտոր Սանիկիձեին անվանել է «ռուսական ստրուկներ»։ Նախորդ օրը կողմերը միմյանց հասցեին նաև բառացի վիրավորանքներ են հնչեցրել։