ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները այն բանից հետո, երբ Հունգարիան հրաժարվել է իր նախկին առարկություններից՝ էներգետիկ անվտանգության երաշխիքների դիմաց:
«Եվրոպան գործում է. Եվրամիության արտգործնախարարները հենց նոր համաձայնեցին կրկին երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,- սոցցանցում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Այն կշարունակի Մոսկվային զրկել պատերազմը ֆինանսավորելու համար եկամուտ ստանալու հնարավորությունից։ Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած վնասի համար»,- հավելել է նա։
ԵՄ պաշտոնյաները նախազգուշացրել էին, որ մինչև այս հունվարի 31-ը՝ վերջնաժամկետը, պատժամիջոցների չերկարաձգելը լուրջ հետևանքներ կունենա:
Այդ պարագայում, օրինակ, կարող էին ապասառեցվել Եվրոպայում առկա ռուսական պետական ակտիվները, որոնք ներկայում օգտագործվում են Կիևին օգնելու համար։
Ընդլայնված պատժամիջոցները ներառում են առևտրին վերաբերող արգելքներ, Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները սառեցնեող միջոցներ։ Գործող կարգի համաձայն՝ ԵՄ երկրները պետք է միաձայն քվեարկեն այս սահմանափակումները վեց ամիսը մեկ երկարացնելու օգտին:
Ինչպես ասացինք, սառեցված ռուսական պետական ակտիվներից ստացված շահույթն օգտագործվում է Ուկրաինային տրամադրվող 50 միլիարդ դոլար վարկը մարելուն, որի մասին համապատասխան որոշում էր կայացվել Մեծ յոթնյակի հավաքին:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ավելի վաղ կոչ էր արել խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ հետ՝ նախքան երկարաձգման մասին որոշում կայացնելը։
Այդ ընթացքում, սակայն, հայտնի դարձավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման մասին, թե պատրաստ է մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ խաղաղության համաձայնագիր մոտ ապագայում կնքելու համար։
Բուդապեշտը հիշել էր նաև, թե ինչպես է Ուկրաինան այս հունվարի 1-ից արգելել իր տարածքով ռուսական բնական գազի հոսքը դեպի Եվրոպա, որի մի մասը նախատեսված էր Հունգարիայի համար։
Այնուամենայնիվ, երկուշաբթի Օրբանի կառավարությունը հայտարարեց, թե պատրաստ է կանաչ լույս վառել պատժամիջոցները երկարաձգելու նպատակով, եթե ստանա Եվրահանձնաժողովի երաշխիքները։
Երկուշաբթի առավոտյան՝ ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով իր պատրաստակամությունը «Ուկրաինայի հետ շարունակել բանակցությունները ուկրաինական գազատարի միջոցով Եվրոպա մատակարարումների շուրջ»։
Ըստ Reuters-ի՝ հայտարարությամբ նաև ասված է, թե Եվրահանձնաժողովը պատրաստ է ներգրավել Հունգարիային և Սլովակիային բանակցային գործընթացում: