Սկսած ապրիլի 1-ից, ավտոմոբիլային և երկաթուղային բեռնափոխադրողները, ԵՄ-ի Ներմուծման վերահսկման համակարգ 2-ի (ICS2) շրջանակում, պարտավոր կլինեն մաքսային մարմիններին նախապես տրամադրել ճշգրիտ և ամբողջական տվյալներ այն ապրանքների մասին, որոնք կամ ներմուծվում են ԵՄ տարածք, կամ անցնում են դրա տարածքով տրանզիտով: Տվյալները պետք է ներկայացվեն մուտքի ամփոփ հռչակագրի (Entry Summary Declaration – ENS) միջոցով:
Այս մասին տեղեկությունը տարածվում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ տարածք մուտք գործող ապրանքների անվտանգության և պաշտպանության ուժեղացման նպատակով, ICS2 համակարգը ապրիլի 1-ից կգործի նաև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների համար, ընդգրկելով բոլոր տրանսպորտային միջոցները: Սա համալրելու է գոյություն ունեցող ICS1 համակարգը, որը վերաբերում է օդային, ծովային և ներքին ջրային փոխադրումներին:
Այս պահանջը տարածվում է նաև փոստային և արագ առաքման ծառայությունների (express carriers) վրա, որոնք իրականացնում են բեռնափոխադրում նշված տրանսպորտային միջոցներով: Այն կազդի նաև լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունների և որոշ դեպքերում ԵՄ-ում գործող վերջնական ստացողների վրա, որոնցից կպահանջվի ENS տվյալների ներկայացում ICS2 համակարգում:
Բեռնափոխադրողները, որոնք չեն հասցնի պատրաստ լինել ապրիլի 1-ի համար, պետք է դիմեն այն ԵՄ անդամ պետության ազգային մաքսային մարմնին, որտեղ գրանցված են և որտեղ ստացել են իրենց EORI համարը, որպեսզի չուշանան մինչ 2025 թվականի մարտի 1-ը:
Նոր կիրառման ժամկետները կտրամադրվեն միայն հատուկ պահանջով:
ICS2 համակարգին համապատասխանելու համար բիզնեսներն անհրաժեշտ է, որ՝
- Հավաքագրեն ճշգրիտ և ամբողջական տվյալներ իրենց հաճախորդներից,
- Թարմացնեն իրենց ՏՏ համակարգերն ու գործառնական գործընթացները,
- Ապահովեն համապատասխան ուսուցում իրենց աշխատակիցների համար,
- Հաջողությամբ անցնեն համապատասխանության թեստ, որպեսզի ապացուցեն իրենց կարողությունը մաքսային մարմինների հետ հաղորդագրությունների փոխանակման և տվյալների փոխանցման համար:
Եթե առևտրականները ժամանակին չհամապատասխանեն ICS2 պահանջներին, ապրանքները կարող են կասեցվել ԵՄ սահմաններին և մաքսային մարմինների կողմից չմաքսազերծվել:
Ի՞նչ է ICS2-ը
ԵՄ-ի Ներմուծման վերահսկման համակարգ 2 (ICS2) մշակվել է Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ պետությունների մաքսային մարմինների և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում: ICS2-ի նպատակն է ուժեղացնել ԵՄ ներմուծվող ապրանքների անվտանգությունը և ներդնել ստանդարտացված նախնական մաքսային ընթացակարգեր բոլոր տրանսպորտային միջոցների համար:
ICS2 համակարգը թույլ է տալիս մաքսային մարմիններին ավելի արդյունավետ գնահատել ներմուծվող ապրանքների ռիսկերը, ինչը ուժեղացնում է ԵՄ-ի կարողությունը կանխելու մաքսային խախտումները և պայքարելու դրանց դեմ: Սա, իր հերթին, ապահովում է ավելի անվտանգ և պաշտպանված առևտրային միջավայր:
2024 թվականի սեպտեմբերի 1-ից գործող ICS1 համակարգը փուլ առ փուլ կհանվի գործածությունից, և այն ամբողջությամբ կփոխարինվի ICS2-ով՝ համաձայն ԵՄ մաքսային օրենսգրքի:
Եվրոպական հանձնաժողովը անգլերեն լեզվով ամսական վեբինարներ է անցկացնում, որտեղ տնտեսվարողները կարող են ստանալ ICS2-ի գործառնական և տեխնիկական ասպեկտների վերաբերյալ պատասխաններ:
Հաջորդ վեբինարը նախատեսված է փետրվարի 5-ին։