Փետրվարի 2-ին «Թբիլիսի Մոլ»-ի մոտ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված 8 անձանց մեղադրանքը փոխվել է։ Այս անգամ նրանց մեղադրում են ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտի խմբային արգելափակման փորձի մեջ, ինչը նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում։
Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ, ձերբակալվածները փորձել են արգելափակել միջազգային նշանակության ավտոմայրուղին՝ չհետևելով իրավապահների կոչերին։
Նշվում է, որ հետաքննությունը դեռ շարունակվում է, և ճանապարհի արգելափակման մեջ ներգրավված այլ անձինք նույնպես ենթակա են պատասխանատվության։
Սկզբում ձերբակալվածները վարչական կարգով էին մեղադրվում, սակայն հետագայում նրանց դեմ քրեական գործ է հարուցվել։