Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով Վրաստանում է
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վրաստան աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում այցելել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հանդիպում ունեցել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ, հայտնում են հանձնակատարի գրասենյակից։
Այնուհետ հանձնակատարը այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, ապա Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ։ Շենքի շահագործումը նախատեսվում է ընթացիկ տարվա նոյեմբերին։ Գլխավոր հանձնակատարն իր խոսքում նշել է՝ ուրախ է տեսնել, որ հայ համայնքն ապրում է լիաթոք, կապված է իր պատմությանը, մշակույթին, արվեստին, և այս այցն էլ նպատակ ունի վերհանել խնդիրները, հասկանալ՝ ինչով կարող է հանձնակատարի գրասենյակն աջակցել դրանց լուծման հարցում։ Զարեհ Սինանյանը եղել է նաև Խոջիվանքի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում, Գարի Դավթյանի «Տիկնիկների տանը», Ներսիսյան դպրոցում:
Փետրվարի 4-ին Զարեհ Սինանյանը այցելելու է Սամցխե-Ջավախքի շրջան։ Ախալցխայում հանդիպում է նախատեսված Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու հետ։ Այցի ընթացքում այցելություն է լինելու հայկական թիվ 3 հանրային դպրոց եւ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Նույն օրը ժամը 15:00-ին նահանգապետարանի շենքում տեղի կունենա բաց հանդիպում Ախալցխայի հայ հասարակության հետ։ Նախատեսված է նաեւ այցելություն Ծուղրութ գյուղ։
Փետրվարի 5-ին Զարեհ Սինանյանի այցը կշարունակվի Ախալքալաքում ու Նինոծմինդայում: