Ճալա գյուղից անհետացած կովերի հետքերը տանում են թուրքական սահման
Սամցխե-Ջավախքում սա անասնագողության հերթական դեպքն է։ Հայաբնակ Չեչերեկ գյուղի կովերի հետքերը հասցնում են Թուրքիայի սահման։ Բնակիչները վստահ են` գողությունն իրականացվել է սահմանի այն կողմից։ Նրանք նշում են, որ իրենց սահմանները պաշտպանված չեն։
Ախալցխայի շրջանի Չեչերեկ (հայկական անվանումը՝ Ճալա) գյուղի բնակիչները շարունակում են փնտրել գյուղին պատկանող արոտավայրերից գիշերն անհետացած 70 գլուխ կովերին։ Սակայն, միևնույն ժամանակ նրանք վստահ են, որ կովերն այլևս Թուրքիայի սահմանում են։ ․
«Գիշերն են գողացել՝ 15 կով մերն էր։ Բոլոր հետքերը տանում են թուքական սահաման, Թուրքիայում են հիմա այդ կովերը։ Չեզոք գոտում չորս կով է գտնվել, այդտեղից չեն թողել հետքերով գնալ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Ջուլիա Էլբակյանը, ում եղբայրը սարերում դեռ շարունակում է փնտրել կովերին։
Հարևան Ծուղրութ, Ծիրա, Միքելծմինդա գյուղերն Ախալցիխեի Սակրեբուլոյում (քաղաքային խորհրդում) ներկայացնող Մկրտիչ Գինոսյանն ասում է՝ նույնը կարող է կրկնվել Թուրքիային սահմանակից մյուս գյուղերի հետ․ «անշուշտ, հարցը կբարձրացնեմ (Սակրեբուլոյում), սակայն չգիտեմ, թե որքանով այն լուծում կստանա քաղաքային խորհրդում»:
Ախալցիխեի փոխքաղաքապետ Ռուբեն Կարապետյանը Ռադիոլուրին ասում է՝ «հարցը իրավական դաշտում է, գործ է հարուցվել»։Գյուղի բնակիչները պնդում են, որ իրենց կովերը գողացվել են Կախեթիի շրջանից իրենց արոտավայրերում ամռան այս օրերին ժամանակավորապես հաստատված ադրբեջանցիների օգնությամբ։
Սակրեբուլոյի պատգամավոր Մկրտիչ Գինոսյանի խոսքով այս հարցով շրջանի բնակիչները ավելի վաղ բողոքել են, հաջորդ տարիներին նրանք այլսև չեն գա․
«Մեր այդ տարածքը, որտեղ հաստատվել է 5-6 ընտանիք, 300 խոշոր եղջերավոր անասուն կա, 2000 ոչխար, որպես արոտավայրեր չէինք օգտագործում։ Կորոնավիրուսի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնածները այդտեղ էին որոշել աշխատել այս տարի»։
Խոշոր եղջերավոր անասունների հափշտակության փաստով գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ի դեպ, սա Սամցխե Ջավախեթիից անասնագողության առաջին դեպքը չէ։
Մի քանի տարի առաջ հայաբնակ Դադեշ գյուղից, որը թուրքական սահմանից ընդամենը 7 կմ հեռավորության վրա է, կովերը գողացել էին հենց անասնագոմերից։ Գյուղացիները փակել էին Կարծախ-Ախալքալաք մայրուղին, ինչից հետո հետո վրացական կողմը հայտարարել էր, որ ուժեղացնում է վրաց-թուրքական սահմանի հսկողությունը։