Կփակվի՞ արդյոք Բաթումին
Չնայած նրան, որ Բաթումիում համավարակային իրավիճակը կարծես թե Վրաստանի մնացած շրջանների համեմատ ծանր է, մենք Բաթումիում չենք նախատեսում ընդունել հատուկ կարանտինային պայմաններ և քաղաքի փակման մասին խոսք չի գնում,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
Նրա խոսքով, այսօր Բաթումիում կենտրոնացած են բավականին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հանգստանում են, և այստեղ անց են կացվում հետազոտություններ:
«Ինչպես գիտեք, Բաթումիում արձանագրված դեպքերից 22-ը կապված է սննդի օբյեկտի հետ: Այսօր Բաթումիում կենտրոնացած են բավականին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հանգստանում են, և այստեղ անց են կացվում հետազոտություններ»,- ասել է Գիորգի Գախարիան:
Չնայած Գիրոգի Գախարիայի հայտարարությանը, Սեպտեմբերի երկուսին Ախալցիխեի մի շարք կազմակերպությունների աշխատակիցներին Անվտանգության կենտրոնից զգուշացրել են խուսափել Բաթումիում հանգստանալուց և այնտեղից վերադառնալու դեպքում, մնալ ինքնամեկուսացման մեջ: «9-րդ ալիքը» հետաքրքրվում է այս թեմայով և մանրամասները փոքր ուշ կտեղեկացնենք:
Սեպտեմբերի մեկին, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 38 նոր դեպքերից 22-ը կապված է Բաթումիի «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, 7 դեպքը կապված է արդեն գրանցված դեպքերի հետ, չորսը ներմուծված է, իսկ հինգի դեպքում վարակման աղբյուրն անհայտ է: