Հասարակություն
Ռուսամետ ապատեղեկատվություն Սամցխե-Ջավախեթիում
Արդեն 11 ամիս է, ինչ Ուկրաինան հետ է մղում ռուսական զինված ուժերին։ Ռուսական բանակը ռազմական հանցագործություններ է կատարում՝ սպանում է խաղաղ բնակիչներին, ռմբակոծում տները, դպրոցներն ու հիվանդանոցները։ Չնայած բազմաթիվ ապացույցներին, Վրաստանի բնակչության մի մասը Ռուսաստանի ագրեսիան համարում է հատուկ գործողություն կամ օգնություն Ուկրաինայում բնակվող էթնիկ ռուսներին։ Ռուսական ապատեղեկատվության զոհ են դառնում հատկապես էթնիկ փոքրամասնությունները, ովքեր պետական լեզուն չիմանալու պատճառով ստիպված են հետևել կեղծ լուրերով հագեցած ռուսական լրատվամիջոցներին։
«Ես կարծում եմ, որ այս պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հաղթել», - ասում է մոտ 60 տարեկան մի տղամարդ՝ նարդի խաղալով։ Շուրջ մեկ տարի գյուղի կենտրոնում հավաքված տեղացիների խոսակցության հիմնական թեման ռուս-ուկրաինական պատերազմն է։ Քաղաքականությունը «կնոջ գործ չէ», դրա համար Ախալցիխեի Ծղալթբիլա գյուղում պատերազմի մասին խոսում են միայն տղամարդիկ։
«Այս պատերազմի ավարտը դեռ չի երեւում։ Եվրոպան օգնում է Ուկրաինային դիմանալ, չնահանջել, իսկ Ռուսաստանը հսկայական պետություն է։ Բանակցություններով չի ավարտվի, եթե մեկը ձեռքերը բարձրացնի ու ասի, որ բավական է, ուրեմն կդադարի, իսկ այսպես՝ անվերջ կռվում են»։
Առաջնագծում կատարվածի մասին տեղեկություններ են ստանում Ռուսաստանում բնակվող ընտանիքի անդամներից և ռուսական հեռուստաալիքներից։ Պատերազմի մեկնարկի պատճառների և ագրեսորի մասին նրանց պատկերացումները հիմնականում այն է, ինչ փոխանցում են քարոզչական ռուսական լրատվամիջոցները։
«Տեղեկություններ եմ ստանում ինտերնետից՝ YouTube-ից, Facebook-ից։ Չգիտենք՝ տեղեկությունը ստույգ է, թե ոչ, դեռ ոչինչ պարզ չէ։ Դիտում ենք Euronews, Ռասիա 24, Ռուսաստանի առաջին ալիքը։ Երբեմն նրանք մեզ տարբեր տեղեկություններ են տրամադրում։ Ուկրաինական կողմը Ռուսաստանին ագրեսոր է անվանում, բայց Ռուսաստանն իրեն ագրեսոր չի համարում, ՆԱՏՕ-ի դեմ է»։
«Կհաղթեն, թե ոչ, միևնույն է, այստեղ բոլորը պարտվող են լինելու։ Այս պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերի»,- նման խոսակցություններ կլսեք գյուղի «Բիրժայում» ։
Ռուս-ուկրաինական պատերազմի հազարավոր զոհերի թվում է նաև նրանց համագյուղացին։ Թոմաս Հովհաննիսյանը մահացել է մարտի 11-ին Մարիուպոլում՝ երեք ընկերների հետ։ 29-ամյա զինծառայողը գրանցված էր ՌԴ զինված ուժերում։ Նա ծնվել է Ծղալթբիլայում, ՌԴ քաղաքացի է դարձել, երբ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան։ Թոմասը պայմանագրային ծառայության մեջ էր և ինչպես գյուղում են ասում՝ սպանվել է անօդաչու ուկրաինական հրթիռից։
«Նա ծնվել է այստեղ, սովորել է Հայաստանում, ապրել է Ռոստովում, այնտեղի քաղաքացիություն է ունեցել, եղել է զինվորական։ Ցավոք, երիտասարդը մահացել է։ Նրա կինն ու երեխաները դեռ ապրում են Ռոստովում»,- ասում է Ախալցիխեի սակրեբուլոյի գյուղի պատգամավոր Պետրոս Վարդանյանը։
Եթե Ծղալթբիլայում հարցնեք, թե ով և ինչու սկսեց պատերազմը, բնակչության մի մասը կմատնանշի Ուկրաինայի և նրա առաջնորդի վրա։ Նրանք կարծում են, որ Ռուսաստանը պաշտպանում է միայն իր քաղաքացիներին։
Հասարակության մի մասի նմանատիպ վերաբերմունքի ձևավորման վրա ազդում են քարոզչական լրատվամիջոցների և Վրաստանի կառավարության հայտարարությունները»,- ասում են քաղաքացիական հատվածում։ ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով, երկրի իշխանությունները օգտագործում են նույն պատմությունը, ինչ Ռուսաստանը՝ շահարկելով պատերազմի վախը: Այդպիսով ուշադրությունը շեղվում է հիմնական սպառնալիքներից, ինչպիսին է, օրինակ, Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացումը, դեպի մանր խնդիրներ։
«Պատերազմի վախը ամենահզոր գործիքն է, որն օգտագործում են ոչ միայն Վրաստանում ռուսամետ դերակատարները, այլև այն շահարկող կառավարությունը։ Նա եվրաինտեգրման ուղղությամբ ձախողումը, դեմոկրատական գործընթացի քննադատությունը կապում է այն բանի հետ, որ Արևմուտքն ուզում է մեզ ներքաշել պատերազմի մեջ։ Բնականաբար, մարդիկ վախենում են, և հենց այստեղ են պատասխանատու իշխանությունները»,- ասում է Թամար Կինծուրաշվիլին։ Նրա խոսքով, ռուսամետ քարոզչության ազդեցությունն ամենաուժեղն է Սամցխե-Ջավախեթիում, որտեղ էթնիկ հայ բնակչությունը չի կարողանում վրացերեն տեղեկատվություն ստանալ:
«Վրաստանի քաղաքացիներին պետական լեզվով տեղեկություն տրամադրելու խնդիրը դեռ մնում է։ Բացի այդ, թվում է, որ իշխանության քարոզչությունը նույնպես համընկնում է Կրեմլի քարոզչության հետ, և դա ավելի է բարդացնում իրավիճակը։ Մասնավորապես, տարեց քաղաքացիների շրջանում մեր հետազոտության շրջանակներում տեսանք, որ նրանք ուղղակիորեն կրկնում են ռուսական կառավարական ալիքների, Russia Today-ի և այլ քարոզչական հարթակների թողարկած ապատեղեկատվությունը, որոնք մենք ստուգում և նշում ենք որպես կեղծ՝ Facebook-ի հետ մեր համագործակցության շրջանակներում»։
Այն, որ Սամցխե-Ջավախեթիում Էթնիկ հայ բնակչության իրազեկումը և Ռուսամետ լրատվամիջոցների ազդեցությունները գլխավոր խնդիրներն են, հաստատում է նաեւ «Մեդիա զարգացման հիմնադրամի» վերջին հետազոտությունը։ ԶԼՄ-ների գրագիտության և ապատեղեկատվության ընկալման հարցումը հասարակական կազմակերպությունը հրապարակել է անցած տարեվերջին։ (Հետազոտությունն իրականացվել է հարցազրույցի տեսքով՝ որակական մեթոդով և ներառել է ինչպես բաց, այնպես էլ կառուցվածքային հարցեր): Հարցման համար ընտրվել են Վրաստանի յոթ քաղաքներ, որտեղ հիմնականում ապրում են էթնիկ և կրոնական փոքրամասնություններ, այդ թվում է նաև Ախալքալաքը։ Հարցումն անցկացվել է երեք տարիքային խմբերում (18-35, 36-55, 55+): Բոլոր երեք տարիքային խմբերից ընտրվել են ուսուցիչներ, ուսանողներ, ինքնազբաղվածներ, մասնավոր և պետական հատվածի աշխատողներ, ինչպես նաև գործազուրկներ։
Ախալքալաքում հարցվածների մեծ մասը մեղադրել է ուկրաինական կողմին ապատեղեկատվության մեջ և ասել, որ պատերազմը «համաշխարհային խարդախություն է»։
Կրեմլի ապատեղեկատվական հաղորդագրությունը ավելի հավաստի է անվանվել Ախալքալաքում, որտեղ ապրում են Վրաստանի հայալեզու քաղաքացիները և լեզվական խոչընդոտի պատճառով վրացալեզու լրատվական լրատվամիջոցները հազվադեպ են օգտագործում որպես տեղեկատվության աղբյուր: Հարցվածներից ոմանք վստահելի են համարել այն պնդումը, թե Ռուսաստանը չի վնասում խաղաղ բնակչությանը, իսկ Ուկրաինան զոհեր է կեղծում և սպանում սեփական բնակչությանը։
Սա միակ ուսումնասիրությունը չէ, որը ցույց է տալիս, որ Սամցխե-Ջավախքի բնակչությունն ամենախոցելին է ռուսական քարոզչության նկատմամբ։ Հասարակական կազմակերպությունները նշում են, որ լուծումը քաղաքացիական սեկտորի ու կառավարության համաձայնությունն ու միավորումն է արտաքին սպառնալիքների դեմ։ Համախմբողի դերն ամենուր խաղում է պետությունը՝ որպես ամենամեծ ռեսուրսներ ունեցող հաստատություն։
Այդ հարցերի շուրջ պետք է աշխատի Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը։ Այս գործակալությունը պատասխանատու է փոքրամասնությունների ինտեգրման համար։ Մշակվել է պաշտոնական փաստաթուղթ՝ քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, որտեղ կարդում ենք, որ ուսուցիչների համար անցկացվել է սեմինար՝ ապատեղեկատվության տարածումը կանխելու համար։ Ուրիշ ի՞նչ ճանապարհներով է պետնախարարի աշխատակազմը փորձում քաղաքացիներին ճիշտ տեղեկատվություն տրամադրել և պաշտպանել ռուսամետ նարատիվից - մեկ շաբաթ է, ինչ պատասխանի ենք սպասում գործակալությունից, սակայն ապարդյուն:
Որպես կառավարության և քաղաքացիական սեկտորի համագործակցության լավ օրինակ՝ հասարակական կազմակերպությունները նշում են Ուկրաինայի և Բալթյան երկրների դեպքը, որոնք հաջողակ են տեղեկատվական պատերազմում։ Այստեղ քաղաքացիական սեկտորն ու իշխանությունը գիտակցում են, որ ունեն մեկ թշնամի և մեկ հիմնական մարտահրավեր՝ Ռուսաստանը։
«Այս երկրներում պետական և ոչ պետական դերակատարները կոնսոլիդացված են արտաքին սպառնալիքների դեմ, միավորող դերը խաղում է պետությունը, որն ավելի շատ ռեսուրսներ ունի, քան մենք։ Առանձին-առանձին կարող ենք ուսուցում անցկացնել, հետազոտություններ անել, բայց հասարակության համախմբումը կարևոր է։ Մեր վիճակը բարդանում է նրանով, որ պետությունը մեր դաշնակիցը չէ»,- ասում է Թամար Կինծուրաշվիլին։
Տարածեք :