Կառավարության որոշմամբ՝ պետությունն ամբողջությամբ կֆինանսավորի ուռուցքաբանական (օնկոլոգիական) հիվանդություն ունեցող 300 երեխայի բուժումը։
Ինչպես կառավարության նիստում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, այդ նպատակով կհատկացվի մոտավորապես 30 մլն լարի։
«Վրաստանում ունենք մոտ 300 ուռուցքաբանական (օնկոլոգիական) հիվանդություն ունեցող երեխա, որը, բնականաբար, ֆինանսավորվում է պետության կողմից, տարեկան մոտ 10 մլն լարի է հատկացվում։ Ինչպես գիտեք, Վրաստանում, ցավոք, այսօր ոչ բոլոր պայմաններն են ստեղծված հիվանդներին լիարժեք և որակյալ ծառայություններ մատուցելու համար։ Շատ դեպքերում այս երեխաներին պետք է բուժել արտասահմանում։ Որոշ դեպքերում մեկ սեանսն արժե 100000 եվրո։ Իհարկե, մեր քաղաքացիները այսպիսի գումարներ վճարելու հնարավորություն չունեն։ Մեր որոշմամբ՝ ուռուցքաբանական ախտորոշմամբ 300 երեխա ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից։ Մենք ընտրել ենք աշխարհի լավագույն կլինիկաներից մի քանիսը, որտեղ այս երեխաները բուժվելու են: Բյուջեն կհատկացվի մինչև 30 միլիոն լարի, և մենք ամբողջությամբ կհոգանք բոլոր ծախսերը՝ լինի դա բուժում, կեցություն, թե ճանապարհորդություն։ Ուռուցքաբանությամբ ախտորոշված բոլոր երեխաների բուժումը ֆինանսավորվելու է պետության կողմից: Դա շատ կարևոր որոշում է, խոսքը կյանքեր փրկելու մասին է, և մեր պարտքն է օգնել բոլոր նման մարդկանց։ Լավ է, որ մենք կարողացանք համապատասխան միջոցներ գտնել այդ նպատակով»,- ասել է Ղարիբաշվիլին։