«Մեր թափանցիկությունը շատ ավելի բարձր է, քան նրանցը, ովքեր ընդունել են այս օրենքը» - Նինա Խելաձե
Վրաստանում, այսպես կոչված «ռուսական օրենքի» ուժի մեջ մտնելուց հետո, նոր փուլ սկսվեց: Բացվեց օտարերկրյա ուժերի շահերի կրող կազմակերպությունների ռեգիստր։ Կազմակերպությունները պարտավոր են մինչև սեպտեմբեր գրանցվել, հակառակ դեպքում, պետությունը նրանց նկատմամբ իրավական միջոցառումներ կձեռնարկի։
Չնայած այս պարտավորությանը, կազմակերպությունների մեծամասնությունը գրանցվել չի պատրաստվում։ Չի գրանցվի նաև «TOK TV» մեդիա կազմակերպությունը։ Հեռարձակողի զարգացման մենեջեր Նինա Խելաձեն ասում է, որ ինչպես այլ անկախ կազմակերպություններ, նրանք առանց նոր օրենքների ընդունման էլ թափանցիկ են և մինչ այժմ էլ ունեցել են ֆինանսական պարտավորություններ՝ ինչպես կապի կարգավորող ընկերության, այնպես էլ այլ պետական ինստիտուտների հանդեպ։
«Մեր թափանցիկությունը շատ ավելի բարձր է, քան նրանցը, ովքեր ընդունել են այս օրենքը։ Ակնհայտ է, որ նրանց նպատակը թափանցիկությունը չի եղել, նրանց նպատակը մեր աշխատանքի դադարեցումն է։ Բացի այդ, մենք կատարում ենք բոլոր ֆինանսական պարտավորությունները, որոնք պետությունը սահմանել է հեռարձակողների համար»,- ասում է Նինա Խելաձեն։
Նրա խոսքով, «TOK TV»-ն կատարում է բազմաթիվ կարևոր աշխատանքներ տարածաշրջաններում, այդ թվում՝ Սամցխե-Ջավախեթիում, տեղական բնակչության համար։ Հեռարձակողի լուսաբանումների շնորհիվ բազմաթիվ խնդիրներ լուծվել են, և նրանց վիճակը դեպի լավն է փոխվել։ Այսպես կոչված «ռուսական օրենքի» ուժի մեջ մտնելուց հետո ոչ միայն մեդիան, այլև բնակչությունն անպաշտպան կդառնա։
«Մեր ցանկացած գործ նպաստում է մարդկանց օգնությանը և նրանց բարօրությանը։ Օտարերկրյա ազդեցություններ կամ նրանց շահերի կրումն անհեթեթություն է և որևէ տրամաբանական բան չի պարունակում։ Այս օրենքը, բացի Ռուսաստանին մոտենալուց, մեզ ոչինչ չի բերի։ Վաղ թե ուշ դա վատ կանդրադառնա այն մարդկանց վրա, որոնց համար մենք աշխատում ենք, և նրանք անպաշտպան կմնան, ուստի այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է այս մարդկանց կողքին լինել»,- ասում է «TOK TV»-ի զարգացման մենեջերը։
Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների դիմադրությանը, Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին ընդունեց օրենքը «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ օրենքի նպատակն է ապահովել օտար երկրներից ստացված ֆինանսավորումների թափանցիկությունը։
Օրենքը ուժի մեջ մտավ օգոստոսի 1-ից, ըստ որի, այն մեդիա և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժերի շահերի կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում կձեռնարկվեն տուգանքներ։ Նման օրենք 2012 թվականից գործում է Ռուսաստանում։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օկուպանտ երկրում շատ կազմակերպություններ փակվեցին։ Ռուսաստանում այլևս գոյություն չունեն անկախ մեդիա և քաղաքացիական հասարակություն։
Ինչպես արդեն հայտնի է, Վրաստանում ընթացող գործընթացները Արևմուտքում սուր արձագանք առաջացրեցին։ Քննադատական հայտարարությունների հետ մեկտեղ, Վրաստանի Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը դադարեցվեց, կիրառվեցին տարբեր սանկցիաներ և ֆինանսական սահմանափակումներ, ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ամերիկայի կողմից։ Վրաստանում նախագահը, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանում հայց ներկայացրեցին՝ պահանջելով օրենքի կասեցում, որը դատարանը կքննարկի մոտ մեկ ամսվա ընթացքում։