Որո՞նք են դիաբետի համար վնասակար և օգտակար մթերքները
Մոսկվայի առողջապահության վարչության գլխավոր էնդոկրինոլոգ Միխայիլ Անցիֆերովը նշել է, որ շաքարախտի առկայության դեպքում պետք է խուսափել մեծ քանակությամբ հեշտությամբ մարսվող, պարզ ածխաջրեր պարունակող մթերքներից, ինչպիսիք են շաքարավազը, մեղրը, մուրաբան, հյութերը, քանի որ դրանք արագ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը:
Վնասակար մթերքներից էնդոկրինոլոգը նշել է նաև կենդանական ճարպեր պարունակող մթերքները՝ բեկոն, ապխտած երշիկեղեն, ճարպոտ միս: Նա նաև խորհուրդ է տվել տապակած կերակուրներ չուտել, քանի որ դրանք կարող են մեծացնել ինսուլինի դիմադրողականությունը՝ խաթարելով սեփական ինսուլինի աշխատանքը և նպաստել գիրացմանը:
Էնդոկրինոլոգը նշել է, որ շաքարային դիաբետով հիվանդների համար օգտակար են բանջարեղենը, բացառությամբ կարտոֆիլի և հասուն հատապտուղների, բջջանյութով հարուստ մրգերը, սպիտակուցային մթերքները՝ հնդկահավը, ձուկը, անյուղ միսը, ձվի սպիտակուցը, կաթնաշոռի ցածր յուղայնությամբ տեսակները։
«Այն, որ շաքարախտի դեպքում անհրաժեշտ է շաքարը փոխարինել քաղցրացուցիչով, մարքեթինգային հնարք չէ, այլ շաքարախտի բուժման նախապայման։ Մենք հատկապես խորհուրդ ենք տալիս իսկական քաղցրացուցիչներ, որոնք ներառում են ասպարտամ, սուկրալոզա, սախարին, ցիկլամատ, որոնք չունեն կալորիաներ և չեն առաջացնում արյան շաքարի բարձրացում: Բայց ֆրուկտոզան կալորիաներ է պարունակում և կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը»,- եզրափակել է մասնագետը։