Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված այսպես կոչված «ռուսական օրենքը» պաշտպանության նախարարությունից հետո այժմ նաև անդրադարձել է Վրաստանի առողջապահության ոլորտին։ Հուլիսի վերջին ԱՄՆ-ը կասեցրեց 95 միլիոն դոլարի օգնությունը Վրաստանի կառավարության համար։ Օգնության գումարի մի մասը ներառում էր նաև առողջապահության ոլորտի գործունեությունը։ Հետևաբար, ֆինանսավորումը դադարեցվել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի համար։
ԱՄՆ-ի դադարեցրած օգնությունից 2 միլիոն լարի պետք է ուղղվեր առողջապահության ոլորտին։ Միխեիլ Սարջվելաձեի խոսքով, այս պատճառով Լուգարի լաբորատորիայում մի քանի նախագիծ է դադարեցվել, սակայն նախարարը վստահեցնում է, որ այս փաստը էական ազդեցություն չի ունենա առողջապահության զարգացման վրա։ Նախարարի լավատեսությունը չեն կիսում առողջապահության փորձագետները։
Անդրիա Ուռուշաձեն ասում է, որ օրենքի ընդունումից հետո արևմուտքից նման քայլերը սպասելի էին, ինչը իրական վտանգ է ստեղծում այս ոլորտի զարգացման համար։ Սահմանափակումները անդրադարձել են Լուգարի լաբորատորիային, ինչը փորձագետի կարծիքով կթուլացնի այն գիտական պոտենցիալը, որի վրա հիմնված է հանրային առողջապահության լաբորատորիաների ցանցը Վրաստանում։
«Լուգարի լաբորատորիան կառուցվել է մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերների աջակցությամբ։ Լաբորատորիայում բազմաթիվ նախագծեր, այդ թվում՝ հետազոտական նախագծեր, 2018 թվականից ֆինանսավորվում են Եվրոպայի կողմից, ինչպես նաև համագործակցության և զարգացման նախագծեր կան, որոնք անհրաժեշտ են լաբորատորիայի համար, և եթե այս նախագծերը կրճատվեն, առողջապահական համակարգի հնարավորություններն էլ կկրճատվեն»,- պարզաբանում է Անդրիա Ուռուշաձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունն արեց այն, ինչ մինչ այժմ ոչ մի նախորդ կառավարություն չէր արել, և այսպիսով ջուր լցրեց օկուպանտ երկրի ջրաղացին։
«Լուգարի լաբորատորիան Ռուսաստանի կոկորդին էր կանգնած և տարիներ շարունակ բազմաթիվ ապատեղեկատվություններ էին տարածում այս առումով։ Բոլորը պետք է պատասխանատվություն կրեն և շտապ վերադառնանք եվրոպական ճանապարհին, ինչը կուժեղացնի մեր առողջապահությունը և սոցիալական ոլորտը։ Ընտրություններն այն օրն են, երբ մենք կարող ենք հիշեցնել կառավարությանը, որ նրանք ընտրված են ժողովրդի կողմից և պետք է ներկայացնեն նրանց շահերը»,- ասում է առողջապահության փորձագետը։
Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների դիմադրությանը, Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին ընդունեց օրենքը «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ օրենքի նպատակն է ապահովել օտար երկրներից ստացված ֆինանսավորումների թափանցիկությունը։
Օրենքը ուժի մեջ մտավ օգոստոսի 1-ից, ըստ որի, այն մեդիա և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժերի շահերի կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում կձեռնարկվեն տուգանքներ։ Նման օրենք 2012 թվականից գործում է Ռուսաստանում։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օկուպանտ երկրում շատ կազմակերպություններ փակվեցին։ Ռուսաստանում այլևս գոյություն չունեն անկախ մեդիա և քաղաքացիական հասարակություն։
Ինչպես արդեն հայտնի է, Վրաստանում ընթացող գործընթացները Արևմուտքում սուր արձագանք առաջացրեցին։ Քննադատական հայտարարությունների հետ մեկտեղ, Վրաստանի Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը դադարեցվեց, կիրառվեցին տարբեր սանկցիաներ և ֆինանսական սահմանափակումներ, ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ամերիկայի կողմից։ Վրաստանում նախագահը, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանում հայց ներկայացրեցին՝ պահանջելով օրենքի կասեցում, որը դատարանը կքննարկի մոտ մեկ ամսվա ընթացքում։