Սամցխե-Ջավախեթիում գործում է 188 ընտրատեղամաս
Սամցխե-Ջավախեթիում գործում է 188 ընտրատեղամաս, որոնցից 75-ում ընտրությունները կանցկացվեն ավանդական կարգով, իսկ 113-ում՝ էլեկտրոնային եղանակով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ տարածաշրջանում 143 587 ընտրող է գրանցված, որոնցից ամենաշատը՝ Ախալքալաքում, ամենաքիչը՝ Ասպինձայում։
Ընտրողների քանակը՝ ըստ մունիցիպալիտետների.
Բորժոմի – 26 643
Ախալցիխե – 33 535
Ադիգենի – 15 418
Ասպինձա – 9 771
Ախալքալաք – 37 496
Նինոծմինդա – 20 724
Ընտրություններին մասնակցում է 18 կուսակցություն։ Քվեարկության գործընթացին կհետևի 110 տեղական և 64 միջազգային կազմակերպություն։
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանը կընտրի XI գումարման խորհրդարանը։ Ընտրողները քվեարկությունը սկսեցին առավոտյան ժամը 08։00-ից։
Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ համամասնական համակարգով․ խորհրդարանի բոլոր 150 մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների միջև, որոնք կհաղթահարեն 5%-անոց շեմը։
Նույնպես առաջին անգամ, հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները կլինեն էլեկտրոնային, և ընտրողների մոտ 90%-ը կքվեարկի էլեկտրոնային սարքերի միջոցով։
ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 508 294։ Էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ ընտրություններին կմասնակցի 3 113 747 ընտրող։