Տուգանքը կազմում է 2000-ից 5000 լարի - զգուշացում հանրությանը
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի վերահսկողության վարչությունը ամանորի նախաշեմին խստացնում է վերահսկողությունը ծառերի ապօրինի հատման, տեղափոխման և վաճառքի վրա:
«Այս ընթացքում առաջնահերթություն է լինելու փշատերև ծառերի ապօրինի հատման դեպքերի կանխումը։ Վարչության աշխատակիցները 24 ժամյա ուժեղացված մոնիտորինգ կկատարեն Վրաստանի տարածքում։ Հատուկ ուշադրություն կդարձվի այն շրջաններին, որտեղ գտնվում են փշատերև անտառները։ Մայրաքաղաքում ակտիվ ստուգվում են Սպորտի պալատի, երկաթուղային կայարանի, մետրոյի կայարանների հարակից տարածքները, որտեղ ամանորի նախաշեմին վաճառվում են փշատերև ծառեր կամ ճյուղեր»,- նշված է վարչության հաղորդագրությունում։
Փշատերև ծառերի օրինական հատումը և վաճառքը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դրանք ստացվել են տնկարաններում, տնկահողերում, անձնական հողամասերում կամ ներմուծվել են: Բացի այդ, վաճառողը պետք է ունենա համապատասխան փաստաթուղթ, որը հաստատում է ծառի օրինական ծագումը։ Եթե ծառը ստացվել է մասնավոր հողատարածքում կամ արհեստականորեն աճեցված տնկարանում, ապա տեղափոխման համար անհրաժեշտ է ունենալ ծագման վկայագիր, որը տրամադրում է տեղական ինքնակառավարման մարմինը։
Փշատերև ծառերի ապօրինի հատման, տեղափոխման և վաճառքի կանոնների խախտման համար առաջին անգամ տուգանքը կազմում է մինչև 2000 լարի, կրկնվելու դեպքում՝ մինչև 5000 լարի։ Այս գումարին հավելվում է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման չափը։ Եթե վնասը գերազանցում է 1000 լարին, անձի նկատմամբ կիրառվում է քրեական պատասխանատվություն։
Շրջակա միջավայրի վերահսկողության վարչությունը կոչ է անում բնակչությանը, եթե տեսնում են օրենքի խախտում, կապնվել նախարարության թեժ գծին՝ 153 (առանց կոդի, զանգը անվճար է, անանունությունը պաշտպանված է), որպեսզի վարչության աշխատակիցները կարողանան անհապաղ արձագանքել։