Ախալցիխեում հինգերորդ հարկից երեխա է ընկել
Այսօր՝ մարտի 30-ին, Ախալցիխեում, «Ապրիլի 9-ի» փողոցում, հինգերորդ հարկից ընկել է մոտ 10 տարեկան երեխա։ Երեխան տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Ախալցիխեի «Իմեդի» կլինիկա, նրա վիճակը ծանր է։ Այժմ սպասում են շտապօգնության մեքենային՝ երեխային Թբիլիսի տեղափոխելու համար։
«Ենթադրվում է, որ երեխան պատուհանից ընկել է խաղալու ժամանակ։ Նրան հիվանդանոց են բերել անգիտակից վիճակում։ Չէր արձագանքում։ Ռեանիմատոլոգը երեխային միացրել է արհեստական շնչառական սարքին։ Կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Կոտրվածքներ այս փուլում չեն հայտնաբերվել, սակայն առկա է թոքերի վնասվածք և ուղեղի արյունազեղում։ Ստացած վնասվածքները հանգեցրել են տրավմատիկ շոկի»,- ասել է մանկաբույժ Լիա Զեդգինիձեն։
«Շտապօգնության մեքենան հենց նոր դուրս է եկել կլինիկայից։ Երեխան մոտ 10 տարեկան է, այս պահին նրա վիճակը ծանր է»,- լրագրողների հետ զրույցում նշել է կլինիկայի տնօրեն Գիորգի Բարձիմաձեն։
Հերթապահ բժշկի խոսքով՝ երեխայի մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները, նա միացված է արհեստական շնչառական սարքին։ Նրան շուտով կտեղափոխեն Թբիլիսի՝ Իաշվիլիի անվան մանկական կլինիկա։