Ամենահայտնի կեղծ լուրը․ պատվաստանյութը խոչընդոտում է երեխաներ ունենալուն
Ամենահայտնի կեղծ լուրը․ պատվաստանյութը խոչընդոտում է երեխաներ ունենալուն
Մեդիա տիրույթում պատվաստանյութերի վերաբերյալ տարածված ամենաթարմ կեղծ լուրն այն է, թե իբր պատվաստումից հետո 1,5 տարի չի կարելի երեխա ունենալ և, որ պատվաստանյութն առաջացնում է անպտղություն։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն ասում է՝ վերոնշյալ պնդումները հաստատող բժշկական, ապացուցողական որևէ տվյալ չկա։
Ավելին, ԱՀԿ-ն հղիներին ևս դասել է ռիսկի խմբերին՝ քաջալերելով, որ նրանք ևս պատվաստվեն՝ անկախ նրանից, թե հղիության որ շրջանում են։
2021թ․-ի ապրիլին էլ հայկական, նորվեգական ու բուլղարական մեդիայում շրջանառվում էր կապտուկներով թևի լուսանկար, պնդմամբ, թե պատճառը պատվաստումն էր։ Մինչդեռ հստակ չէին անգամ լուսանկարի աղբյուրն ու տարեթիվը։
«Պատվաստումից հետո առաջացած՝ չի նշանակում պատվաստման հետևանքով առաջացած։ Հետպատվաստումային շրջանում կատարվում են դիտարկումներ՝ երևույթների պատճառահետևանքային կապերը հասկանալու համար։ Որոշ դեպքերում պատվաստումից հետո հնարավոր է թրոմբոցիտների քանակի նվազում՝ թրոմբոցիտոպենիայի առաջացում, որը կարող է կապտուկների պատճառ դառնալ։ Սակայն նման դեպքերի ռիսկը շատ ցածր է՝ 1 միլիոն պատվաստվածից կարող է հանդիպել 4-ի դեպքում»,- ասում է Սվետլանա Գրիգորյանը։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող բոլոր պատվաստանյութերից հետո ի հայտ եկած կողմնակի ազդեցությունները նույնն են՝ ներարկման տեղի այտուց և ցավ, գլխացավ, ընդհանուր թուլություն, հոգնածություն, մկանացավ, ջերմություն, հոդացավ, դող և սրտխառնոց: Կողմնակի երևույթները հիմնականում մեղմ են և կարճատև, ինչպես նաև հազվադեպ՝ տարեցների շրջանում:
ԱՀԿ -ի կողմից բազմիցս տարածված տեղեկատվությունը հայտնում է, որ պատվաստումների բացարձակ հակացուցումներ են՝ նախորդ դեղաչափից կամ տվյալ պատվաստանյութի որևէ բաղադրիչից առաջացած լուրջ ալերգիկ ռեակցիան կամ անաֆիլաքսիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ): Այդ դեպքում հաջորդ դեղաչափը չի կատարվում:
«Ժամանակավոր հակացուցումներ են նաև միջին և ծանր ընթացքով վարակիչ կամ սոմատիկ սուր հիվանդությունները, որոնց դեպքում պատվաստումը կատարվում է առողջացումից անմիջապես հետո, քրոնիկ հիվանդությունների սրացումը․ պատվաստումը կատարվում է ռեմիսիայի շրջանում, թույլատրվում է պահպանողական թերապիայի ներքո, հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա)՝ պատվաստումն իրականացվում է կլինիկական երևույթների կայունացման շրջանում»,- նշվում է նախարարության պատասխան նամակում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն ստացած 7 պատվաստանյութերից ՀՀ-ում առկա են միայն երկուսը՝ անգլո-շվեդական AstraZeneca-ն և չինական Sinovac-CoronaVac-ը։ Բացի այդ, Հայաստանում առկա է նաև ռուսական արտադրության Sputnik-V պատվաստանյութ, որը, սակայն, դեռևս ԱՀԿ ցանկում չկա։
Մինչ այսօր աշխարհում ստեղծված 22 պատվաստանյութերից միայն 7-ն են ԱՀԿ-ի կողմից վերջնական գնահատական ստացել՝
• Pfizer/BioNtech Comirnaty
• AstraZeneca (անգլո-շվեդական, կորեական)
• Covishield
• Janssen (Developed by Johnson & Johnson)
• Moderna
• Sinopharm
• Sinovac-CoronaVac
Այս բոլոր պատվաստանյութերն օգտագործվում են ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում։ Այս ցանկում չզետեղված որևէ դեղամիջոցով պատվաստումը կարող է խոչընդոտել մուտքը դեպի այս երկրներ։