COVID-19-ը դեռևս վերահսկողության տակ չէ․ ԱՀԿ
Կորոնավիրուսը դեռևս վերահսկողության տակ չէ, իսկ պանդեմիան հեռու է ավարտից։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19-ի դեմ պայքարի հարցերով փորձագետ Մարիա Վան Կերկհովեն, փոխանցում է Le Figaro-ն։
Նրա խոսքով՝ անցած շաբաթ ողջ աշխարհում գրանցվել է վարակման 3․1 մլն նոր դեպք և 54 հազար մահ, թեև իրական թվերը կարող են ավելին լինել։
«Դա նշանակում է, որ աշխարհում մինչ օրս վերահսկողություն չի հաստատվել վիրուսի նկատմամբ։ Մենք լիովին գտնվում ենք այս պանդեմիայի էպիկենտրոնում։ Մենք չենք օգտագործում մեր ունեցած գործիքները՝ ավարտին մոտենալու համար»,-ասել է նա։
«Մարդիկ մահանում են, իսկ փողոցներում մյուսներն իրենց այնպես են դրսևորում՝ ասես պանդեմիան լիովին վերջացել է»,-ասել է Կերկհովեն։
Նա հավելել է, որ մահը գլխավորապես սպառնում է չպատվաստված անձանց։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀԿ-ում ողջունել են COVID-19-ի դեմ հաբերի ստեղծումը։