«Վարդերի հեղափոխությունից» 18 տարի է անցել
18 տարի առաջ՝ 2003թ․ նոյեմբերի 22-ին, խորհրդարանի նիստի ժամանակ Միխեիլ Սաակաշվիլի ղեկավարած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավորությամբ ցուցարարները վարդերով ներխուժեցին խորհրդարան և պահանջեցին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականը: Դրան նախորդել էին շուրջ 1-ամսյա բողոքի ակցիաները «կեղծված» խորհրդարանական ընտրությունների դեմ, որն աստիճանաբար վեր էր ածվել իշխանության և նախագահի հրաժարականի պահանջով համընդհանուր ակցիայի:
Խորհրդարան ընդդիմության ներխուժումից հետո Էդուարդ Շևարդնաձեն արտակարգ դրություն մտցրեց: Սակայն արդեն հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովի միջնորդությամբ տեղի ունեցավ Շևարդնաձեի և ընդդիմության առաջնորդների հանդիպումը, որի ավարտից հետո Շևարդնաձեն հայտարարեց հրաժարական տալու մասին:
Հեղափոխության տանող գլխավոր և համընդհանուր նախադրյալ դարձավ Վրաստանի անկախացումից հետո (1995) պաշտոնավարող Էդուարդ Շևարդնաձեի կառավարումից դժգոհությունը։ Բնակչության դժգոհությունն առաջացել էր կառավարության հանդեպ կուտակված պահանջներից, որոնք կապված էին երկրի ծանր տնտեսական իրավիճակի, պետական ծառայողների շրջանում կոռուպցիայի տարածվածության և այլ պատճառներով։ Իրավիճակը բարդացավ ազգային փոքրամասնությունների՝ անկախության ձգտելու կամ Ռուսաստանին միանալու ձգտումների հետևանքով, ինչը մասնավորապես արտահայտվեց դե-ֆակտո անկախ գոյություն ունեցող Աբխազիայի, Հարավային Օսիայի և որոշակիորեն Աջարիայի պարագայում։
Հասարակության մեջ բացասական զգացողություններ առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ Աբխազիայում և Օսիայում հակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով։ Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին։
Ամիսներ անց տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին, իսկ նրա գլխավորած հեղափոխությունը պատմություն մտավ «Վարդերի հեղափոխություն» անվամբ: