Ի՞նչ է սպասվում չպատվաստված կամ թեստ չներկայացնող աշխատակցին՝ ՀՀ նոր նախագիծ
ՀՀ ազգային ժողովն այսօր քվեարկության է դրել նախորդ օրը քննարկված մի շարք օրենքների նախագծերի փաթեթները, դրանց թվում են «Պետական պաշոններ զբաղեցնող անձնաց վարձատրության մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականություններ չկատարելու հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 55 կողմ, 23 դեմ, 6 ձեռնպահ ձայն: Ըստ նախագծի՝ եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Օրենսդրական փաթեթն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի առաջարկով կքննվի հատուկ ընթացակարգով, այսինքն՝ երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: