Հիմա վճռորոշ պահ է Ուկրաինայի, Վրաստանի և տարածաշրջանի համար, կարևոր է ոչ միայն սկզբունքային դիրքորոշում որդեգրել, այլև գործողությունների պատրաստակամություն ցուցաբերել,- այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը։
Նրա խոսքով, Եվրամիությունը շատ հստակ ուղերձ է հղել, որ Ուկրաինայի դեմ հետագա ագրեսիան կունենա հեռուն գնացող հետևանքներ՝ նշելով, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել ռազմավարական գործընկերների հետ լարվածության թուլացման համար:
«Ինչպես գիտեք, դա վճռորոշ պահ է Ուկրաինայի համար, դա նաև վճռորոշ պահ է Վրաստանի և մնացած տարածաշրջանի համար, վճռորոշ պահ է Եվրոպայի և Եվրամիության համար։ Այս հանգամանքում շատ կարևոր է ոչ միայն կրկնելն ու մեր սկզբունքային դիրքորոշմանը կանգնելը, այլև գործելու պատրաստակամություն ցուցաբերելը։
Ինչպես տեսնում եք, Եվրամիությունը շատ հստակ ուղերձ է հղել, որ Ուկրաինայի դեմ հետագա ագրեսիան կունենա հեռահար հետևանքներ և ծանր ծախսեր: Սա շատ հստակ քայլ է, և Եվրամիությունը շարունակում է աշխատել ռազմավարական գործընկերների հետ լարվածության թուլացման ուղղությամբ՝ հավատարիմ մնալով այս հիմնարար սկզբունքներին: Միևնույն ժամանակ կարևոր է համերաշխություն ցուցաբերել Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ»,- ասել է Կարլ Հարցելը։
Նրա խոսքով՝ Վրաստանում և՛ կառավարությունը, և՛ անհատներ համերաշխություն են հայտնել Ուկրաինային, ինչը շատ կարևոր է։
«Վրաստանը, և՛ կառավարությունը, և՛ անհատները համերաշխություն են հայտնել և, իհարկե, ես գիտեմ, որ այդ կապը սերտ է։ Ինչ վերաբերում է ընթացիկ քննարկումներին, ես ողջունում եմ Խորհրդարանում Ուկրաինային սատարող բանաձեւի նախագիծը։ Սա բարդ խնդիր է։ Կարևոր է Ուկրաինայի հետ արտահայտել և՛ սկզբունքներ, և՛ համերաշխություն։ Թե ինչպես դա ավելի լավ կձևակերպվի, դա խորհրդարանականների և խորհրդարանի խնդիրն է։ Ես այսօր չեմ կարող դա մեկնաբանել»,- ասել է Կարլ Հարցելը։