Ռուսաստանում արգելափակված Instagram սոցիալական ցանցի ռուսական նմանօրինակը օգտատերերի համար հասանելի կլինի հաջորդ ամսվանից։ Տեղեկությունը հրապարակվել է «Վկոնտակտե» սոցիալական ցանցում՝ նախագծի պաշտոնական էջում:
«2022 թվականի մարտի 28-ին կգործարկվի Instagram-ի ռուսական նմանօրինակը՝ բոլորի համար սովորական գործառույթներով և Android-ի ու iOS-ի համար նախատեսված բջջային հավելվածներով։ Սովորական օգտատերերի համար հասանելիությունը կբացվի 2022 թվականի ապրիլին», – ասված է հաղորդագրության մեջ:
Սոցիալական ցանցը կկոչվի «Ռոսսգրամ»։
«Ստեղծողները նախատեսում են մարտի վերջին այն գործարկել գործընկերների և թոփ-բլոգերների, ապրիլին՝ մյուս բոլոր օգտատերերի համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 14-ին «Ռոսկոմնադզորը» Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով սահմանափակել է Instagram-ի հասանելիությունը երկրի տարածքում՝ ռուսաստանցիների նկատմամբ բռնության կոչերի պատճառով: