Վրաստանում կոչ են արել խստացնել վիզային ռեժիմը ՌԴ-ի հետ
Ընդդիմադիր խորհրդարանական «Լելո Վրաստանի համար» կուսակցությունը պահանջում է վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։
Կուսակցությունում կարծում են, որ ներկայումս Ռուսաստանից այցելուների հոսքը «կտրուկ ավելացել է», և այդ գործընթացը չի վերահսկվում կառավարության կողմից, ինչը կարող է ապագայում խնդիրներ առաջացնել։
Ուստի կուսակցությունը պահանջում է «խստացնել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ»։
«Համապատասխան կառույցները չեն վերահսկում և չեն կարող վերահսկել օկուպանտ երկրից մեր տարածք մուտք գործողներին. երկիրը պաշտպանված չէ առկա վտանգներից, որոնք խիստ մեծացել են Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման և շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է Բելառուսին, «Լելոն» ընդգծում է, որ այս երկիրը նույնպես ներգրավված է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին։
«Լելոն» առաջարկում է 30-օրյա վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։ Միևնույն ժամանակ, վիզաները պետք է տրվեն անմիջապես սահմանին (կամ առցանց):
Նշենք, որ ներկայումս Վրաստան այցելելու համար Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին վիզա պետք չէ։