ԵՄ-ում սկսվել են ռուսաստանցիներին վիզա տրամադրելու հարցով քննարկումները
ԵՄ երկրների ներկայացուցիչները քննարկում են ռուսաստանցիներին կարճաժամկետ (շենգենյան) վիզաների հետագա տրամադրման հարցը։ МК պարբերականի փոխանցմամբ՝ օգոստոսի 11-ին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ վիզաները կշարունակվեն տրամադրվել որոշ կատեգորիաների մարդկանց, մասնավորապես՝ լրագրողներին, մարդասիրական ոլորտի աշխատողներին, ԵՄ ռեզիդենտներին, ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամներին։
«ԵՄ երկրները պետք է կատարեն իրենց միջազգային պարտավորությունները և ապահովեն վիզաների տրամադրումը որոշ կատեգորիայի մարդկանց, ներառյալ՝ ընտանիքի անդամներին, մարդասիրական ոլորտի աշխատողներին, լրագրողներին, ռեզիդենտներին», – ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ մակարդակով քննարկումներ են ընթանում՝ այս հարցում համակարգված քաղաքականություն մշակելու համար։
Պարբերականը հիշեցնում է, որ ռուսաստանցիներին Շենգենյան վիզաների տրամադրումը դադարեցնելու անհրաժեշտության մասին քննարկումների նախաձեռնողները Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի իշխանությունները էին։
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը առաջարկել է դադարեցնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը, քանի որ, նրա կարծիքով, Եվրոպա այցելելը «արտոնություն է, ոչ թե մարդու իրավունք»։ Օգոստոսի 11-ին Էստոնիայի իշխանությունները շենգենյան վիզաներով ռուսաստանցիների համար փակեցին սահմանները։
Վիզաների տրամադրման հարցի քննարկման ժամանակ Ֆինլանդիայի և Բալթյան երկրների հիմնական փաստարկն այն էր, որ ՌԴ-ի ԵՄ-ի միջև ավիափոխադրումների դադարեցման պայմաններում Ֆինլանդիան և Բալթյան երկրները դառնում են ճանապարհորդող ռուսաստանցիների համար տարանցման կետեր։
Այս պահին ԵՄ վիզային պատժամիջոցներ արդեն գործում են մի շարք դիվանագետների, Ռուսաստանի քաղաքական գործիչների, ինչպես նաև այլ քաղաքացիների նկատմամբ, որոնց նկատմամբ անձնական սահմանափակումներ են մտցվել։