Երեք երկրներ պայմանավորվել են Ռուսաստանը շրջանցող երկաթուղի կառուցել
Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը պայմանագիր են ստորագրել: Փաստաթուղթը կարագացնի երկաթգծի կառուցումը, որը երեք երկրները կմիացնի Եվրոպային ավելի կարճ ճանապարհով՝ շրջանցելով պատժամիջոցներից տուժած Ռուսաստանը։ Երկրների կառավարությունները պայմանագիրը ստորագրել են Ուզբեկստանում սեպտեմբերի 14-ին։
Համաձայնագրի ստորագրումը մեկ քայլով մոտեցնում է իրականությանը վաղուց ծրագրված նախագիծը, քանի որ այն պայմաններ է սահմանում Ղրղզստանի տարածքում երկաթուղու կառուցման համար մինչև 2023 թվականը, որը պետք է միացնի Չինաստանում և Ուզբեկստանում արդեն կառուցված երկաթուղային գիծը։
Ըստ Ղրղզստանի տրանսպորտի և կապի նախարարության՝ այդ ուսումնասիրությունների վրա ծախսվող գումարները հավասարապես կբաշխվեն երկրների միջև։
Պայմանագրով սահմանվում է նաև վերջնական երթուղին, որը կունենա 280 կիլոմետր երկարություն և կարժենա մինչև 4,1 միլիարդ դոլար։ Եթե այն կառուցվի, Չինաստանից Եվրոպա առաքումը կկրճատվի 900 կիլոմետրով՝ 8 օրով։
Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան միջանցքի նախագծի մեկնարկային կետը 1997 թվականն է, և այն քննարկվում է գրեթե 25 տարի։ Չնայած բարձրաստիճան անձանց հանդիպումներին, երեք երկրները չեն կարողացել պայմանավորվել երթուղու, ֆինանսավորման, բնապահպանական կամ աշխարհաքաղաքական հարցերի շուրջ:
Պատերազմի բռնկման պատճառով Ռուսաստանի նկատմամբ կիրառված արևմտյան պատժամիջոցները նվազեցրել են Հյուսիսային միջանցքի նշանակությունը, որը երկար ժամանակ եղել է Արևելքի և Արևմուտքի միջև հիմնական տրանսպորտային ուղին։ Այս ֆոնին երկրներն ավելի շատ են մտածում Միջին միջանցքից օգտվելու մասին, որն անցնում է Կենտրոնական Ասիայով և Կովկասով։
Ընթացիկ իրադարձությունները վերակենդանացրել են նախագիծը և ենթադրվում է, որ այն շահավետ է բոլոր մասնակիցների համար, քանի որ այն ուղղակիորեն կապելու է Արևմտյան Եվրոպան Հարավային Կովկասի և Թուրքիայի հետ: Ուզբեկստանն արդեն միացված է Թուրքմենստանին և Իրանին, և երբ Ղրղզստանի հատվածում երկաթուղու կառուցումն ավարտվի, այն կդառնա Չինաստանի և Եվրոպայի միջև ամենակարճ ճանապարհներից մեկը և կհեշտացնի նավթի, հանքային և պարենային ապրանքների արտահանումը։
Ճիշտ է, Ուզբեկստանն արդեն միացված է Չինաստանին Ղազախստանով անցնող երկաթգծով, սակայն այս երթուղին ավելի թանկ է, նյութատեխնիկական ապահովումը շատ դժվար է, և բեռնափոխադրումների տևողությունը երկարաձգվում է:
Ղրղզստանի քաղաքական անկայունությունը և ֆինանսական խնդիրները ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտներն են։ Երկրի կառավարությունը տարիներ շարունակ խոստանում էր ավարտել երկաթուղին իր տարածքում, սակայն դրա համար անհրաժեշտ միջոցներ դեռ չեն գտնվել, քանի որ երկիրն ունի մեծ ծավալի արտաքին պարտք: