Գերմանիան Ուկրաինային 12 միլիարդ եվրոյի օգնություն կտրամադրի
Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային լրացուցիչ 12 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի։ Համապատասխան տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Գերմանիայի Բունդեսթագի բյուջետային կոմիտեն կանաչ լույս է վառել պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների՝ չնախատեսված ծախսերի համար գումար հատկացնելու պահանջին։
Լրացուցիչ ֆինանսավորումը ներառում է 3,2 միլիարդ եվրոյի հատկացում 2023 թվականին, ինչպես նաև 8,8 միլիարդ եվրոյի վարկային գծեր 2024-2032 թվականներին:
«Այս գումարով Ուկրաինան կկարողանա ուղղակիորեն զենք գնել Գերմանիայի կառավարության աջակցությամբ։ Կարևոր է աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է»,- ասված է կոալիցիոն կառավարությունում կուսակցությունները ներկայացնող երեք քաղաքական գործիչների հայտարարության մեջ։
Գերմանիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ Ռուսաստանի լայնածավալ միջամտության սկզբից ի վեր Գերմանիայի կառավարությունը ավելի քան 14,2 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային աջակցելու համար։