Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին
«Հույս ունենք, որ Հայաստանը կուղղի, այսպես կոչված, սխալը», – երեկ Անթալիայում, Թուրքիա ժամանած Ադրբեջանի պատվիրակության լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ կրկին անդրադառնալով Երևանում մեկ ամիս առաջ տեղադրված «Նեմեսիսի» արձանին։ Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Չավուշօղլուն, հակառակ դեպքում, սպառնացել է՝ «նոր միջոցներ ձեռնարկել»։
«Հայաստանում՝ Երևանում, անցյալում մեր ադրբեջանցի եղբայրներին, օսմանյան շրջանի մեր զինվորներին և դիվանագետներին նահատակած ահաբեկիչների համար արձանի կանգնեցումն անընդունելի քայլ էր: Մենք էլ որոշ միջոցներ ձեռնարկեցինք, փակեցինք մեր օդային սահմանը երրորդ երկրներ գնացող ինքնաթիռների համար»,- ասել է Չավուշօղլուն։
«Թուրքերի ուղին անցնում է Շուշայով {Շուշի}, Ջաբրայիլով և Զանգեզուրով՝ հին թյուրքական երկիր, որտեղ նահատակների արյուն է թափվել», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիա նահանգի Քեփեզ քաղաքում ելույթի ժամանակ:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության Ստամբուլի թղթակցի փոխանցմամբ, Չավուշօղլուն նաև քննադատել է Թուրքիայի նախագահ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին՝ տրանսպորտային նախագծից Ադրբեջանի բացակայության համար:
«Այսօր Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ իրենք պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։ Ի՞նչն է ձեզ մտահոգում, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից», - ասել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ժամանակակից Թուրքիան պաշտպանում է ոչ միայն իր, այլև ամբողջ թյուրքական աշխարհի շահերը։