Ախալքալաքում ընդհարում է տեղի ունեցել: Մի երիտասարդ հրազենից կրակել է մյուսի ուղղությամբ, վերջինս վիրավորում է ստացել ոտքի հատվածում: ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել դեպքի առթիվ:
Հիվանդանոց է տեղափոխվել մոտ 34 տարեկան երիտասարդը, ծնկի ստորին հատվածում վիրավորում է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 30-ին, կեսօրին:
Հաշիվ մաքրելու հստակ վայրի մասին տեղեկություն չկա, սակայն վիրավորին, ըստ
Jnews.ge-ի տվյալների, հայտնաբերել են Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ Շրջանային հիվանդանոցից ոչ շատ հեռու: Այս վայրում ավտոմեքենա է կանգնած, իսկ տարածքը շրջափակված է։ Ըստ ՆԳՆ-ի՝ «հետախուզական միջոցառումներն իրականացվում են այս մեքենայի շուրջ»։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննում է Վրաստանի ՔՕ 120-րդ հոդվածի 1-ին մասով: Առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կամ անկայուն կորուստ՝ պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ մինչև վեց ամիս ժամկետով, կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով՝ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա։