Ռուսաստանի տնտեսությունը սպասվածից ավելի կաճի. IMF
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը կաճի 2,6 տոկոսով, ինչը գրեթե երկու անգամ ավելի կլինի նախորդ կանխատեսման համեմատ։
IMF-ի թարմացված փաստաթղթում, որն ընդգրկում է ամբողջ աշխարհը, Ռուսաստանն ունի ամենասուր առաջխաղացումը, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։
Նշենք, որ IMF-ն 2024 թվականի համար շատ ավելի դրական ակնկալիքներ ունի, քան ՌԴ ֆինանսների նախարարությունն ու Կենտրոնական բանկը։ Մոսկվայի պաշտոնական գնահատականներով՝ այս տարի համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 1,5-2,3 տոկոսով՝ ի տարբերություն IMF-ի կանխատեսման՝ 2,6 տոկոսի։
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ սպասվածից ավելի լավ արդյունքները պայմանավորված են պետական ծախսերի օպտիմալացմամբ և էներգառեսուրսների գնի բարձրացմամբ։ Նշվում է, որ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծեցին, ինչի պատճառով նավթի գինը բարձրացավ, և այս իրավիճակից ամենաշատը շահում են վերոնշյալ պետությունները։
Ինչ վերաբերում է մյուս հիմնական մակրոտնտեսական գործոններին, ապա Կենտրոնական բանկի կողմից որոշված վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 16%; Գնաճի մակարդակը տատանվում է 8%-ի սահմաններում։