Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Դևիդ Լամին հայտարարություն է տարածել Վրաստանում ընթացող իրադարձությունների վերաբերյալ՝ նշելով, որ Միացյալ Թագավորությունը դադարեցնում է Վրաստանի կառավարության ծրագրային աջակցությունը, սահմանափակում է համագործակցությունը պաշտպանության ոլորտում և նվազեցնում ներգրավվածությունը «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ։
«Վրաստանի իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ կիրառված բռնության ցնցող տեսարանները անընդունելի են և պետք է դադարեցվեն։
Այս գործողությունները վնասում են Վրաստանի միջազգային դիրքերին և հակասում երկրի՝ Սահմանադրությամբ ստանձնած եվրոպական ապագայի պարտավորություններին։
Ստեղծված իրավիճակի լույսի ներքո, Միացյալ Թագավորությունը անհապաղ դադարեցնում է Վրաստանի կառավարության ծրագրային աջակցությունը, սահմանափակում է պաշտպանության ոլորտում համագործակցությունը և նվազեցնում ներգրավվածությունը «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ, մինչև եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից նահանջը չդադարի։ Միացյալ Թագավորությունը շարունակելու է կանգնել Վրաստանի ժողովրդի կողքին և աջակցել նրանց՝ պահպանել երկրի ապագան ընտրելու իրավունքը», – նշված է հայտարարությունում։